Արցախցի Բալիկները Միշտ Պիտի Գտնուին Ուշադրութեան ու Հոգատարութեան Ներքոյ․ Հրանդ Թոխատեան
Դեկտեմբերի 6-ին Երեւանի Մարիոթ հիւրանոցն Արցախով էր շնչում․ մանուկների խինդ ու ծիծաղ, արցախեան քաղցրածոր բարբառ, կարօտած հայացքներ, սրտաբուխ յիշողութիւններ․․․ Արցախցի շուրջ 450 երեխաներ էին հաւաքուել։ Առիթը ձմեռային բաճկոններ ստանալն էր։ Նրանց այդ ուրախութնւնը պարգեւել է արցախցիների բարեկամ Սամուէլ Մովսիսեանը, ով մի շարք բարեգործների շնորհիւ աւարտին է հասցրել Նոյեմբերի 1-ին սկսած ծրագիրը։ Բաճկոններ են տրամադրուել զոհուածների, պայթիւնից տուժածների, հաշմանդամ ու բազմազաւակ ընտանիքների, ինչպէս նաեւ երեխաների, ովքեր ունեն դրա կարիքը․․․
Ողջոյնի խօսքով հանդէս է եկել Սամուէլ Մովսիսեանը՝ նշելով, որ ամէն ինչ արւում է արցախցի բալիկներին օգտակար լինելու համար եւ նման միջոցառումները շարունակական բնոյթ են կրելու։ Նա շնորհակալութիւն է յայտնել նաեւ բոլոր հովանաւորներին եւ Մարիոթ հիւրանոցի տնօրէնութեանը՝ բարեգործական նպատակով սրահը տրամադրելու համար։
Ծրագրի հովանաւորներից՝ ՀՀ մշակութային գործիչ, վաստակաւոր դերասան Հրանդ Թոխատեանն իր սրտի խօսքն է ուղղել ներկաներին։ Նա շեշտել է, որ արցախցի բալիկները միշտ գտնուելու են ուշադրութեան ու հոգատարութեան ներքոյ եւ արուելու է հնարավորը, որպէսզի նրանց աչքերում միշտ ուրախութիւն լինի եւ յետագայում աւելի շատ երեխաների տրուի նման աջակցութիւն։
Արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուածի այրի Աննա Աւանէսեանը բոլորի անունից իր շնորհակալութիւնն է յայտնել միջոցառման նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ նշելով, որ այսօր ցանկացած աջակցութիւն անհրաժեշտութիւն է իւրաքանչիւր արցախցու։
Միջոցառման ընթացքում երեխաները հանդէս են եկել երգ ու պարով՝ ցոյց տալով այն մեծ սէրն ու կարօտը, որ տածում են Արցախի հանդէպ․․․
Նշենք, որ Սամուէլ Մովսիսեանի նախաձեռնութեամբ մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացուել 2023-ի տեղահանութիւնից յետոյ։
Կարինէ Բախշիյեան
«ԱՊԱՌԱԺ»
