Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Ու Անոր Սպասաւորներուն Դէմ Հալածանքները Սահմանադութեան Չափանիշներու եւ Իրաւական Կարգի Կոպիտ Խախտում է. Պատգամաւոր

Հայաստան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեան կը գրէ.

«Մի քանի դիտարկում կամ իրաւական լիկբեզ քաղաքական մեծամասնութեան որոշ ներկայացուցիչների եւ այլ մոլորուածների համար: 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասաւորների դէմ հալածանքները Սահմանադութեան նորմերի (չափանիշներու) եւ իրաւական կարգի կոպիտ խախտում է։ Այն յանցակազմ է պարունակում թէ՜ ՀՀ Օրէնսդրութեամբ, թէ՝ միջազգային կոնվենցիաներով (պայմանագրերով)։

Կատարուողը նաեւ պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ։

Որոշ ՔՊ-ական պատգամաւորներ փորձում են ՀԱ Եկեղեցին ներկայացնել որպէս սովորական կրօնական կազմակերպութիւնները։ Սա ոչ միայն իրաւական տգիտութիւն է, այլեւ՝ նրա պատմական դերի եւ առաքելութեան նուաստացում, ազգային զգացումների կոպիտ ոտնահարում։

Այսպէս՝

1․ Հայ Առաքելական եկեղեցու ՅԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ամրագրուած է ՀՀ Սահմանադրութեան մէջ: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թէ սովորական կրօնական կազմակերպութիւն է, այլ՝ ազգային եկեղեցի։ Նրա բացառիկութիւնն արտացոլուած է ՀՀ Սահմանադրութեան 18-րդ յօդուածում, որտեղ մասնաւորապէս ասւում է. «Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում»:

2․Պետութեան եւ եկեղեցու յարաբերութիւնները կարգաւորւում են նաեւ «Խղճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին» ՀՀ օրէնքով, որի մի շարք յօդուածներում եւս տարանջատուած են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպէս ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ եւ առհասարակ կրօնական կազմակերպութիւնները։

3․Վերոյիշեալ օրէնքով եւս «․․․գնահատելով հայ ժողովրդի հոգեւոր կեանքում եկեղեցու դարաւոր հոգեւոր փորձն ու աւանդոյթները, Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին ճանաչւում է որպէս հայ ժողովրդի ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ, նրա հոգեւոր կեանքի շինութեան ու ազգապահպանման կարեւոր պատուար․․․․»։

4․Սոյն օրէնքի յօդուած 17-ում՝ ի թիւս մի շարք հաստատումների, նաեւ ամրագրուած են՝ եկեղեցու եւ պետութեան տարանջատումը, ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀՈՒԹԻՒՆԸ, նրա կողմից իրականացուող մի շարք առաքելութիւնների իրագործման խոչընդոտման արգելքը։

5․Այս օրէնքով միայն Հայ Առաքելական եկեղեցուն է վերապահուած պետական կրթական հաստատութիւններում հայ ժողովրդի հոգեւոր կրթութեանն ու նրա բարոյական կատարելագործմանը նպաստող ծրագրերի իրականացումը։

6․Ի դէպ, այս օրէնքով «Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին որպէս ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ հանրապետութեան տարածքից դուրս, ենթակայ է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեանը` միջազգային իրաւական նորմերի սահմաններում»:

7․ Հայ Առաքելական եկեղեցին դասելով այլ կրօնական կազմակերպութիւնների շարքին՝ յանցաւոր դիտաւորութեամբ, տգիտութեամբ կամ գիտակցաբար ու դաւադրաբար, նուաստացնում են Հայ առաքելական եկեղեցու դարաւոր դերակատարութիւնն ու հայ ժողովրդի պատմութեան 1700 տարիների ընթացքում նրա ունեցած բացառիկ դերակատարութիւնը։

8․Իշխանական պատգամաւորների այս խօսոյթը տեղաւորւում է Հայ Առաքելական եկեղեցին թիրախաւորելու՝ 1937 թ․ ռեպրեսիւ ձեռագրի մէջ, ․․․Մեր եկեղեցին իր պատմութեան ընթացքում այսպիսի հալածանքների են արժանացրել թուրք քոչուորները, մոնղոլ-թաթարներն ու բոլշեւիկները ․․․»:

9․Հայ Առաքելական եկեղեցու դէմ արշաւն աւելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակութիւնը։ Սա ուղիղ հարուած է մեր ժողովրդին, նրա ամենահզօր ազգային ինստիտուտին եւ պարզապէս մեր ինքնութեանը, միասնականութեանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատուէր՝ աւելի թուլացնել պատերազմի վէրքերը չսպիացրած հայ հասարակութեանը։ Այս տեսակէտը կիսում է ողջ ՔՊ-ն, սա քաղաքական-արժէհամակարգային որոշում է, աւելի շուտ՝ դատավճիռ ընդդէմ եկեղեցու:

«Շողակաթն» ու եկեղեցին իշխանութիւնների թիրախում էին վաղուց․ տարբեր ՔՊ-ականներ այն փակելու կամ նսեմացնելու կոչեր պարբերաբար հնչեցրել են։ Նրանք այնքան կուրացած են հակաեկեղեցական պայքարով, որ առհասարակ փակեցին հանրային ծածկոյթ ունեցող կրթամշակութային ալիքը։ Սա աղէտ է, որը պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkir.am/hy/article/2025/11/07/302021