Արցախի Անունով Խոր Մտահոգութիւն Կը Յայտնեմ ՀՀ-ի Մէջ Տեղի Ունեցող Վերջին Զարգացումներուն Վերաբերեալ. Արցախի ԱԺ Նախագահ
Արցախի Հանրապետութեան անունից խոր մտահոգութիւն եմ յայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, հասարակութեան բեւեռացման եւ ազգային ինստիտուտների՝ մասնաւորապէս, իշխանական հռետորաբանութեան եւ գործողութիւնների միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակութեան թուլացման փորձերի կապակցութեամբ։ Այս մասին ըսուած է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի յայտարարութեան մէջ:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ ազգային ինքնութեան հիմնասիւներից մէկը։ Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ ծաւալուող քննարկումները եւ հակաեկեղեցական գործողութիւնները բացասաբար են անդրադառնալու ազգային համերաշխութեան վրայ։ Օրուայ հրամայականն է խուսափել այնպիսի գործողութիւններից կամ արտայայտութիւններից, որոնք կարող են խաթարել հասարակական խաղաղութիւնն ու փոխադարձ յարգանքը։
Միաժամանակ մտահոգութիւն են առաջացնում ազատութիւնների սահմանափակման եւ քաղաքական բնոյթի հետապնդումների վերաբերեալ հնչող հրապարակային գնահատականները։ Այս համատեքստում առանձնապէս անհանգստացնող է Մասիս համայնքի ղեկավար, ժողովրդի կողմից ընտրուած քաղաքապետ Դաւիթ Համբարձումեանի երէկուայ կալանաւորումը, ինչպէս նաեւ այն քաղաքացիների նկատմամբ իրականացուող քրէական վարոյթները, որոնք հանրային շրջանակներում դիտարկւում են որպէս քաղաքական ենթատեքստ ունեցող։
Ժողովրդավարութեան, օրէնքի գերակայութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը մեր ընդհանուր ազգային արժէքներն են, եւ բոլոր կառոյցները՝ թէ՛ պետական, թէ՛ հասարակական, պարտաւոր են գործել բացառապէս իրաւական եւ արդարութեան սկզբունքներով։
Այս համատեքստում կոչ եմ անում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին զերծ մնալ այնպիսի գործողութիւններից եւ հռետորաբանութիւնից, որոնք խաթարում են հասարակութեան ներսում վստահութեան վերականգնումը եւ միտուած չեն ազատութիւնների լիարժէք երաշխաւորման եւ ազգային համախմբմանը։ Միայն համախմբուած, իրաւական եւ արժեհամակարգային միասնական հասարակութիւն ձեւաւորելով հնարաւոր կը լինի կերտել ուժեղ, անվտանգ եւ ժողովրդավարական Հայաստան՝ ի շահ ամբողջ հայ ժողովրդի եւ մեր պետականութեան ապագայի, ի շահ Արցախի ժողովրդի հաւաքական եւ անվտանգ վերադարձի»:
