Աստծոյ Լոյսը Չի Մարում, Անգամ Չարքի Իշխանութեան եւ Կեղծ Մարգարէների Ժամանակներում․ «Ալիք»

Յօդուածներ – Զրոյցներ

Խմբագրական

«Եւ դժոխքի դռները չեն յաղթի նրան»

(Մատթէոս 16:18)

Հայ ժողովրդի պատմութիւնը լի է փորձութիւններով, երբ տարաբնոյթ մարտահրաւէրները յաճախ Հայոց հայրենիքը եւ հայ ժողովրդին կանգնեցրել են ջլատման եւ կործանման եզրին։ Բայց այդ բոլոր ժամանակներում եղել է մի անսասան յենարան, մի լոյսի փարոս, որը պահել է ազգը՝ նրա ինքնութիւնն ու  նկարագիրը, հաւատքը, խիղճն ու յիշողութիւնը։ Այդ լոյսի աղբիւրը եղել է եւ մնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Եւ այսօր, երբ Հայոց հայրենիքը եւ պետականութիւնը կրկին կանգնած են գոյութենական բնոյթի լրջագոյն մարտահրաւէրների առջեւ, ցաւօք, հայ ժողովուրդը ապրում է արժէքային խորը ճգնաժամ: Նրա հոգեմտաւոր ապաւէնը՝ Եկեղեցին յայտնւել է յարձակումների թիրախում՝ այս անգամ ներքին ասպատակողների կողմից։

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի այսպէս կոչւած քաղաքական ղեկավարութիւնը, անձամբ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, ձեռնամուխ է եղել բացայայտ հակաեկեղեցական պայքարի՝ փորձելով խաթարել այս հաստատութեան բացառիկ հեղինակութիւնը, որն ի հնից եղել է մեր ժողովրդի հոգեւոր, բարոյական եւ ազգային գոյութեան կարեւորագոյն առանցքը։ Սա ոչ միայն ազգային եւ բարոյական, այլեւ իրաւական առումով անթոյլատրելի ընթացք է։ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 18-րդ յօդւածը յստակ սահմանում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպէս ազգային եկեղեցի, ունի բացառիկ առաքելութիւն հայ ժողովրդի հոգեւոր կեանքի եւ ազգային ինքնութեան պահպանման գործում, իսկ պետութիւնը ճանաչում եւ յարգում է նրա անկախութիւնը։ Երբ երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող անձը յայտարարում է, թէ պատրաստւում է «ազատագրել եկեղեցին», նա փաստօրէն բարձրաձայնում է, որ պատրաստւում է խախտել Սահմանադրութիւնը՝ միջամտելով անկախ կրօնական կառոյցի ներքին գործերին։ Դա իրաւաբանօրէն հաւասարազօր է իշխանութեան իւրացմանը՝ ակնյայտ սահմանադրական յանցագործութիւն, որը հակասում է իրաւական պետութեան սկզբունքներին։

Այս վտանգաւոր քաղաքական գիծը միտւած է ոչ միայն Եկեղեցու դերի եւ հեղինակութեան ոչնչացմանը, այլեւ ժողովրդի ջլատմանն ու բարոյալքմանը։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ազգային միասնութեան հիմքը: Երբ մենք պետութիւն չունէինք՝ այն կատարել է մեր պետութեան դերը, երբ բանակ չունէինք՝ այն եղել է մեր պաշտպան վահանն ու հատու սուրը։ Եկեղեցու դէմ ուղղւած այս պայքարը, հետեւաբար, ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Եկեղեցու սպասաւորների, այլեւ մեր ազգային-հոգեւոր էութեան եւ գոյութեան դէմ պատերազմ է։ Դրանով փորձ է արւում ոչնչացնել այն կապը, որ դարերով միաւորել է հայ ժողովրդին՝ իր հաւատքի եւ իր արժէքային համակարգի շուրջ։ Սա դասական օրինակ է այն բանի, թէ ինչպէս քաղաքական իշխանութիւնը, կորցնելով իր բարոյական կշիռը, վերածւում է վտանգաւոր աղանդի՝ որտեղ առաջնորդի խօսքը դառնում է օրէնք, իսկ ճշմարտութիւնը՝ նրա մտագարութիւնը։

Սուրբ գիրքը մեզ զգուշացրել է նման փորձութիւնների մասին. «ԶԳՈ՛ՅՇ ԵՂԷՔ ԿԵՂԾ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԻՑՈՐՈՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ ՁԵԶ ՄՕՏ ՈՉԽԱՐԻ ՀԱԳՈՒՍՏՈՎԲԱՅՑ ՆԵՐՍԻՑ ԳԻՇԱՏԻՉ ԳԱՅԼԵՐ ԵՆ» (Մատթէոս 7:15)։ Երբ հաւատաւոր ձեւացող, բայց խորքում հաւատք, բարոյականութիւն եւ արժէքային համակարգից զուրկ քաղաքական գործիչը փորձում է իրեն ներկայացնել իբրեւ հոգեւոր առաջնորդ, խօսում է կրօնի անունից, հաւատքի մասին, բայց իրականում ծառայեցնում է այն սեփական իշխանական նպատակներին, պէտք է զգաստանալ եւ հասկանալ, որ նա չարքին ծառայող հէնց այն կեղծ մարգարէն է, որի մասին զգուշացնում է Սուրբ գիրքը։ Եւ եթէ ժողովուրդը չի գիտակցում այդ մոլորութեան վտանգը, ապա նրան սպառնում է ոչ միայն քաղաքական, այլ՝ էութենական, հոգեւոր եւ բարոյական կործանում։

Այս խորապատկերում, երէկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցւած Սուրբ եւ անմահ Պատարագը դարձաւ աստւածային եւ կենդանի հակադրութիւնը Փաշինեանի եւ նրա գլխաւորած իշխանութեան կողմից կազմակերպւած սրբապիղծ ասպատակումների եւ կեղծարարութեանը։ Մինչ Յովհաննավանքում իրականացւում էր անօրինական «արարողութիւն»՝ հերձւած, կարգալոյծ եղած նախկին քահանայի միջոցով, Մայր Աթոռը համախմբեց հարիւրաւոր հաւատացեալների, որոնք եկել էին ոչ թէ վարչական ռեսուրսների օգտագործմամբ՝ ստիպողաբար, այլ իրենց սեփական կամքով։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում մատուցւած բազմամարդ Պատարագը դարձաւ հաւատքի եւ միասնութեան բիւրեղացում՝ կենդանի վկայութիւն, որ Հայ Առաքելական Եկեղեցին ապրում է ոչ թէ իշխանական գեհէնական քմահաճոյքներով եւ ցանկութեամբ, այլ ժողովրդի հազարամեակներից եկող ամուր հաւատքով եւ սրտառուչ աղօթքներով։ Եւ երբ աստւածային տնօրինմամբ Հայրապետական թափորի առջեւից քայլեց նաեւ այն մարդու եղբայրը, ով մոլորութեան ճանապարհով էր ընթացել, այս բոլորը վերածւեց իրական քրիստոնէական սիրոյ եւ հաւատքի դրսեւորման։

Այսօր Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենամեծ վտանգը արտաքին թշնամին չէ, այլ ներքին՝ ազգային, հոգեւոր եւ բարոյական քայքայումը։ Երբ հակազգային քաղաքական իշխանութիւնը փորձում է խեղել ժողովրդի իրական հաւատքը եւ բարոյական արժեհամակարգը, այն փոխարինելով կեղծ՝ սատանայածին գաղափարախօսութեամբ, իսկ եկեղեցին ենթարկել իր քաղաքական կամքին, սկսւում է այն, ինչ Սուրբ Գիրքը կոչում է «նեռի ժամանակներ»։ Բայց մեր պատմութիւնը վկայում է՝ երբ իշխանութիւնը պատերազմ է յայտարարել Եկեղեցուն, պարտւել է ոչ թէ Եկեղեցին, այլ ինքը՝ իշխանութիւնը։ Որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցին չի պատկանում աշխարհիկ որեւէ իշխանութեանը. այն Աստծունն է եւ ժողովրդինը։