
Արարատը` Մեր Ինքնութեան Յենասիւնը․ «Ալիք»
Խմբագրական
2025 թուականի Նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետութեան սահմանային կնիքներից հանւում է Արարատ լերան պատկերը: ՀՀ կառավարութեան այս որոշումը, որը ոմանց համար առաջին հայեացքից կարող է թուալ աննշան կրաֆիքական փոփոխութիւն, իրականում վտանգաւոր է խորհրդանշական, հոգեբանական եւ քաղաքական իմաստներով: Սա հերթական, բայց, միեւնոյն ժամանակ, ամենացուցադրական քայլն է գործող վարչախմբի կողմից` ուղղուած հայ ժողովրդի ազգային ինքնութեան պատմական հիմքերի կազմաքանդմանը:
Եւ որքան էլ դա փորձեն ներկայացնել որպէս թեքնիք-վարչական կարգաւորում, փաստն այն է, որ սա խիստ նպատակային քայլ է, քանզի Արարատը պարզապէս լեռ չէ: Արարատը հայի հոգին է, նրա էութեան ու ինքնութեան, հոգեմտաւոր կառուցուածքի ամենակարեւոր բաղադրիչներից մէկը: Եւ եթէ այդ հոգուց, էութիւնից ու ինքնութիւնից փորձում են մի բան պոկել, նշանակում է` ուզում են վերաձեւել հէնց հայի էութիւնը, խեղել ինքնութիւնը, վերախմբագրել հոգեմտաւոր կառուցուածքը:
Արարատը հազարամեակներ շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի ու հայկական պետութեան գոյութեան, մշակոյթի, ինքնագիտակցութեան եւ պատմական յիշողութեան խորհրդանիշը: Արարատը, որն այսօր գծուած ու մեզ պարտադրուած սահմաններից այն կողմ է, երբեք չի լքել հայի հոգին: Մեր մեծերից ոչ ոք չի խօսել հայի մասին` առանց Արարատի: Մեր գրականութեան, հոգեւոր հորիզոնների, ազգագրութեան ու գեղարուեստի մէջ այն միաժամանակ Աստծոյ լեռ է, բիբլիական սրբութիւն, վերադարձի իղձ եւ յոյս, ազգային մեծ տեսլականի իրագործման սեպը:
Արարատը հայ ժողովրդի համար պարզապէս լեռ չէ, ինչ-որ երկրաբանական երեւոյթ: Այն սրբութիւն է, որ ապրել է մեր աղօթքներում ու սպասումներում, մեր պոէզիայում ու կերպարուեստում:
Մովսէս Խորենացին նրան անուանել է «բիբլիական լեռ», իսկ միջնադարեան գրչագիր մատեաններում Արարատը պատկերուել է որպէս երկնային ծագում ունեցող խաչի խորհրդանիշ` դրուած Հայոց աշխարհի սրտում:
Չարենցն իր կոթողային ստեղծագործութեան մէջ գրել է.
«Աշխա՛րհ անցի՛ր,
Արարատի նման ճերմակ գագաթ չկայ.
Ինչպէս անհաս փառքի ճամբայ`
Ես իմ Մասիս սարն եմ սիրում»:
Նա չի գովերգել Արարատը` որպէս բնապատկեր, այլ` որպէս հոգեվիճակ, որպէս պաշտամունքի առարկայ, որպէս պատմական յիշողութեան մարմնացում:
Խաչատուր Աբովեանը, Աւետիք Իսահակեանը, Յովհաննէս Թումանեանը, Մարտիրոս Սարեանը եւ մեր մշակոյթի միւս բոլոր մեծերն Արարատը միանշանակ կապել են Հայոց աշխարհի եւ հայ ազգի էութեան ու ինքնութեան հետ:
Համաշխարհային գիտական, մշակութային եւ գեղարուեստական աշխատութիւններում Արարատը նոյնպէս վաղուց դարձել է Հայաստանի ու հայութեան առանցքային` ամենակարեւոր ու գլխաւոր խորհրդանիշը:
Բրիտանացի պետական գործիչ եւ աշխարհագրագէտ Ճէյմս Պրայսը 1876 թուականին Հայաստանից վերադառնալով` գրել է.
«Արարատը սրբութիւն է հայի հոգու համար: Այն նոյնքան անբաժան է նրա ինքնութիւնից, որքան Սիոնը` հրեայի»:
Ամերիկացի պատմաբան Ռոպերթ Թոմսոնն իր աշխատութիւնում ընդգծում է.
«Հայկական ինքնութիւնը դժուար է պատկերացնել առանց Արարատի: Այդ լեռը հայի պատմական յիշողութեան մէջ գագաթ է` եւ՛ խորհրդանշական ե՛ւ բուն իմաստով»:
Հայկական եւ միջազգային այս ընկալումները մեզ յիշեցնում են, թէ ինչպիսի՛ արժէք է Արարատը մեզ համար, եւ ի՛նչ նշանակութիւն ունի այն մեր էութեան, նկարագրի եւ ինքնութեան պահպանման գործում: Իսկ այսօր փաշինեանական վարչակազմը որոշել է մաքրել այդ խորհրդանիշը ՀՀ պետական վաւերագրերից, որովհետեւ Արարատը խանգարում է նրանց առաջ քաշած «իրական Հայաստան» հակազգային տեսութեան կայացմանը, որը գործող իշխանութիւնը փորձում է պարտադրել հայ ժողովրդին` Թուրքիայի եւ Ազրպէյճանի պահանջով:
Քաղաքական առումով, սա այն նոյն ուղու տրամաբանական շարունակութիւնն է, որով 2018 թուականից սկսեալ շարժւում է փաշինեանական վարչակարգը` հրաժարուելով այն ամէնից, ինչն ազգային է` յանուն «նոր իրողութիւնների»: Յիշենք. նախ Արցախը դարձաւ անցանկալի «բեռ», ապա պահանջատիրութիւնը ընկալուեց որպէս խանգարող գործօն, յետոյ թիրախաւորուեց Հայ առաքելական եկեղեցին, իսկ հիմա հերթը հասել է Արարատին: Եւ այս ամէնը մի ընթացք է, որի իւրաքանչիւր քայլը մի աստիճան աւելի է հեռացնում մեզ մեր ինքնութիւնից: Այս գործընթացը նպատակային կերպով փորձում է մեզ տանել դէպի հոգեւոր սնանկացում, էութեան, ինքնութեան ու նկարագրի պարպում:
Այս խորապատկերում մեզ անհրաժեշտ է ընկալել եւ հասկանալ, որ խնդիրը ոչ թէ սոսկ Արարատի պատկերն է, այլեւ այն, թէ ի՛նչ է խորհրդանշում այդ պատկերը: Եւ հէնց այդ խորհրդանշումն է, որ խանգարում, պատնէշում է փաշինեանական վարչակազմի կողմից մեզ պարտադրուող թշնամական օրակարգի իրագործումը, իսկ այդ օրակարգի իրականացումը պահանջում է, որ հայը մոռանայ` իր պատմութիւնը, իր կորուստը, իր ցաւը, իր իղձերն ու տեսլականը, եւ վերածուի անդէմ, աննկարագիր գոյակցութեան` առանց յիշողութեան եւ, հետեւաբար, առանց պահանջատիրութեան: Արարատը հէնց այդ յիշողութեան եւ պահանջատիրութեան ամրակուռ սիւներից մէկն է:
Մաքրէք մարդ արարածի յիշողութիւնը, եւ նա ոչնչով չի տարբերուի անասունից. «Մարդ ու անասուն իրարից ջոկւում են յիշողութեամբ: Յիշողութիւնը դրած է անասունի եւ մարդու արանքում: Յիշողութեան մէջ ես` ուրեմն վառւում ես, մարդ ես, հաշիւներ ունես, անհանգիստ ես – յիշողութեան մէջ չես` հրէ՜ն բաց դաշտում կովն արածում է առանց յիշողութիւնների, իսկ հորթին երէկ են մորթել…», գրել է Հրանտ Մատթէոսեանը:
Յիշողութիւն չունեցող մարդը, ազգը հայրենիք ունենալ չի կարող: Իսկ Արարատը հէնց յիշողութեան լեռ է: Հայկական յիշողութեան գագաթը: Արարատը ջնջել մեր հաւաքական յիշողութիւնից` նշանակում է ջնջել հայի տեսակը, խաչ քաշել նրա եւ նրա հայրենիքի ապագայի վրայ:
Եւ այս քայլը, եթէ չկասեցուի, կը դառնայ նախադէպ` ապագայի շատ աւելի վտանգաւոր զիջումների համար: Զիջումներ, որոնք միգուցէ չլինեն քարտէսի վրայ, բայց լինելու են մեր հոգու մէջ, հայի տեսակի հոգու մէջ:
Յիշե՛նք. Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան կարող է երաշխաւորուել միայն այն դէպքում, երբ կը կասեցուի իր պատմական յիշողութեան նկատմամբ այս համակարգուած թշնամական ոտնձգութինը: Որովհետեւ առանց յիշողութեան` չկայ ազգ: Առանց Արարատի` չկայ Հայոց հայրենիք: Որովհետեւ ապրում է Հայաստանը, քանզի մեր յիշողութեան մէջ ապրում է Արարատը: