
Արցախեան Խնդիրը Հանգուցալուծուած Չէ, Արցախի Հարցը Փակուած Չէ. Արցախցին Տէրն է Իր Հայրենիքի․ Արցախի ԱԺ-ի Ուղերձը
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը ուղերձ յղած է Արցախի Հանրապետութեան հռչակման 34-ամեակին առիթով։
«Սիրելի’ հայրենակիցներ
2025 թուականի Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիւը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականօրէն յիշարժան օր է, այլեւ միջազգային իրաւունքի հիման վրայ ինքնորոշման եւ խաղաղ ապրելու իրաւունքի վկայութիւն։ Համահայկական կարեւորութիւն ունեցող այդ որոշումը կայացուեց պատմական եւ իրաւական հիմքերի վրայ։
1991 թուականի Սեպտեմբերի 2-ը դարձաւ Արցախի պետականութեան սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով եւ արդիւնաւէտօրէն գործող պետական ու ժողովրդավարական հաստատութիւններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետութեան զարգացումը։ Թէեւ Արցախի Հանրապետութիւնը միջազգային ճանաչում չունէր, այն կայացած պետական համակարգ էր եւ տարածաշրջանում խաղաղութեան ու անվտանգութեան մատակարար, որի հետ հաշուի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաեւ միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։
2020 թուականի պատերազմը, իսկ այնուհետեւ՝ 2023 թուականի Սեպտեմբերին ազրպէյճանի կողմից իրականացուած ցեղասպանական գործողութիւնները, Արցախի Հանրապետութեան տարածքի ամբողջական զաւթումն ու հայաթափումը մարդկութեան պատմութեան մէջ արձանագրուեցին որպէս սեւ եւ ամօթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրաւունքը զոհաբերուեց ուժի, տնտեսական եւ ամբողջատիրական շահերին։
Մենք յիշում եւ խոնարհւում ենք բոլոր նրանց առջեւ, ովքեր իրենց կեանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրաւունքը։ Ինչպէս իւրաքանչիւր ազգային մտածողութեամբ օժտուած անհատ, պատմական արդարութեան վերականգնման համար մենք պարտաւոր ենք շարունակել պայքարը եւ զինուորագրուել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։
Այսօր, երբ Արցախի պետական կառոյցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկուած է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպէս առաջնային մանդատով օժտուած բարձրագոյն ներկայացուցչական մարմին, արտայայտելով հանրապետութեան ողջ բնակչութեան կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մէկ անգամ եւս շեշտել եւ միջազգային հանրութեանը յիշեցնել.
․Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան հռչակումը հիմնուած է այդ օրերին գործող Խորհրդային Միութեան օրէնքների վրայ, ուստի օրինական է եւ չի կարող կասկածի տակ դրուել բռնապետական ուժերի կողմից կիրառուող ճնշումների եւ կամայական մեկնաբանութիւնների լոյսի ներքոյ։
․Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան եւ հարակից տարածքներում հազարամեակների ընթացքում ձեւաւորուած հայկական ազգային մշակութային եւ կրօնական արժէքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթութեան, եւ դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառոյցների գործառոյթների անբաժանելի մասն են։
․Արցախի Հանրապետութեան տարածքում բնակուած ժողովրդի հաւաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի եւ բացարձակ իրաւունք է, որի անտեսումը շարունակութիւնն է ազրպէյճանի կողմից իրականացուած ցեղասպանութեան։
․ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառուած է նաեւ Արցախի ժողովրդի իրաւունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրաւունքների պաշտպանութեան գործուն մեխանիզմների եւ երաշխիքների մշակման, անթոյլատրելի է։
Վերը նշուած հիմնաւորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից եւ կոչ է անում միջազգային իրաւասու կազմակերպութիւններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ազրպէյճանական բանակցութիւններում օրակարգային հարց դարձնել գերիների եւ պատանդների ազատումը, արցախահայութեան վերադարձը հայրենի բնօրրան եւ պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիւ ապրելու իրաւունքի ապահովումը։
Տարածաշրջանում իրական խաղաղութիւնն ու երկարատեւ կայունութիւնը պահանջում են արդարութեան վրայ հիմնուած, հաւասարակշռուած եւ կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թէ հարկադրանքի եւ աշխարհաքաղաքական առեւտրի վրայ կառուցուած ժամանակաւոր իրավիճակային պարտադրանք։
Արցախեան խնդիրը հանգուցալուծուած չէ, Արցախի հարցը փակուած չէ, քանի որ ցեղասպանական գործողութիւնների վաւերացումն ու դրանց հետեւանքների լեգիտիմացումը չեն կարող դիտուել որպէս վերջնարդիւնք՝ միջազգային գրուած եւ չգրուած, իրաւական եւ բարոյական տիրոյթներում։
Արցախցին տէրն է իր հայրենիքի, իր պատմութեան, իր հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան, իր անցեալի եւ ապագայի, իր իրաւունքների եւ առաքելութեան»։