Դատապարտելի է ՀՀ Իշխանութեան՝ Արցախցիներու Իրաւունքներու Պաշտպանութեան Համար Պայքարողներու Դէմ Ճնշումը. Յայտարարութիւն

Հայաստան, Սփիւռք

Արցախցիներու իրաւունքներու պաշտպանութեան խորհուրդը տարածած է հաղորդագրութիւն, ուր կ՝ըսուի.

«Յարգելի՛ հայրենակիցներ,

2025 թ. Յուլիսի 12-ին Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի կողմից կազմակերպուած հանրահաւաքից առաջ, ինչպէս նաեւ դրան յաջորդած օրերին, ՀՀ իրաւապահ մարմինների կողմից մի շարք անձանց, այդ թւում՝ խորհրդի անդամների նկատմամբ, գործադրուել են բռնաճնշումներ եւ հնչեցուել են սպառնալիքներ։

Նման ճնշումների վերջին օրինակն այն էր, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտէ է հրաւիրուել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարեանը։ Նպատակ է դրուել վերաբացել մի քրէական գործ, որը նախկինում արդէն փակուել էր։ Մեր համոզմամբ՝ այս գործընթացը ակնյայտօրէն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնոյթ եւ ուղղակիօրէն պայմանաւորուած է Յուլիսի 12-ի հանրահաւաքին պետնախարարի ակտիւ ներգրաւուածութեամբ։

Աւելին, ինչպէս տեղեակ էք, հանրահաւաքից օրեր անց ՀՀ գլխաւոր դատախազութիւնը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվաւեր ճանաչել Երեւանում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութեան շէնքի նկատմամբ ԼՂՀ կառավարութեան սեփականութեան իրաւունքը։ Դրանից անմիջապէս յետոյ առաջին պետական պաշտօնեան, ով յայտնուեց ճնշումների եւ քրէական հետապնդման թիրախում, դարձաւ հենց Արցախի պետական նախարարը։

Պարոն Իսկանդարեանը պատահական կերպով չի դարձել առաջին թիրախը։ Նա այն եզակի պաշտօնեաներից է, ով ոչ միայն ներկայ էր հանրահաւաքին, այլեւ իր աջակցութիւնն ու ակտիւ մասնակցութիւնն է շարունակաբար ցուցաբերել նաեւ դրան նախորդած ու յաջորդած բոլոր գործընթացներին։ Այս ամբողջ ընթացքում նա իրականացրել է ակտիւ հանրային գործունէութիւն։

Ստեղծուած իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ ունի բոլոր յատկանիշները՝ որակուելու որպէս քաղաքական հետապնդում։ Սա հարուած է ոչ միայն մէկ պաշտօնեայի, այլեւ Արցախի պետական ինստիտուտների (հիմնարկներու, «ԵՌԱԳՈՅՆ») ու Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի հեղինակութեանն ու կենսունակութեանը։

Խորհուրդը խստօրէն դատապարտում է Հայաստանի կառավարութեան եւ իրաւապահ համակարգի կողմից իրականացուող բռնաճնշումները Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար պայքարող անձանց ու ինստիտուտների դէմ։

Խորհուրդը մնում է հաւատարիմ իր սկզբունքներին ու դիրքորոշումներին եւ հանդէս է գալիս Արցախի ինստիտուտների պահպանման ու մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան դիրքերից»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.yerkir.am/hy/article/2025/07/18/296472