Ռուբէն Վարդանեանի Ընտանիքը Վատիկանին Կոչ Ուղղեց՝ Հայ Գերիներու Հարցով Հետամուտ Ըլլալու Ֆրանսիս Պապի Ժառանգութեան

Աշխարհ, Հայաստան, Սփիւռք

Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի ընտանիքը ցաւակցական ուղերձ մը յղեց բոլոր աշխարհի կաթողիկէներուն եւ Վատիկանին կոչ ուղղեց հետամուտ ըլլալու Ֆրանսիս պապի ժառանգութեան` ջանքեր գործադրելու հայ գերիները ազատ արձակել տալու ուղղութեամբ։

Ցաւակցագիր-կոչին մէջ կ՛ըսուի հետեւեալը.

«Վարդանեանների ընտանիքը խորին ցաւակցութիւն է յայտնում համայն աշխարհի կաթոլիկ հաւատացեալներին:

«Մեր մտքերը Սուրբ Պետրոսի հրապարակում հաւաքուածների եւ աշխարհի բոլոր կաթոլիկների հետ են:

«Սուրբ Աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս պապի ժառանգութիւնը յարգելով` քայլեր ձեռնարկել անարդար կերպով կալանաւորուած 23 հայ գերիների, այդ թւում` մեր հօր` Ռուբէն Վարդանեանի ազատ արձակման ուղղութեամբ: Սուրբ Աթոռը կարող է կարեւոր դեր ունենալ գերիների ազատ արձակմանն ուղղուած դիւանագիտական ջանքերում` արդարութեան եւ մարդկային արժանապատուութեան հանդէպ Ֆրանցիսկոս պապի նուիրուածութեանը հաւատարիմ մնալու համար: Նրանց շարունակական կալանքը հակասում է խաղաղութեան եւ հաշտութեան այն սկզբունքներին, որոնց Ֆրանցիսկոս պապը մշտապէս հետամուտ էր իր գահակալութեան ընթացքում:

«Ինչպէս ինքն է յայտարարել. «Կրօնները չեն կարող օգտագործուել պատերազմի համար: Սուրբ է միայն խաղաղութիւնը»:

«Մենք կոչ ենք անում եկեղեցուն գործնականում կիրառել այս խօսքերը` սատարելով հայ գերիների անյապաղ ազատ արձակման մեր պահանջը: Այս քրիստոնեաներն արժանի են հալածանքներից պաշտպանութիւն ստանալուն. նրանք այսօր բախուել են դժուարութիւնների իրենց հաւատքի պատճառով:

«Գործելու ժամանակը հիմա է:

«Մենք կոչ ենք անում խիղճ ունեցող բոլոր մարդկանց միանալ արդարութեան եւ ազատութեան մեր այս կոչին` ի պաշտպանութիւն 23 հայ գերիների, այդ թւում` Ռուբէն Վարդանեանի, որոնք մնում են գերութեան մէջ միայն իրենց համոզմունքների եւ ժառանգութեան պատճառով»: