Փաշինեանը Այլեւս Ի Վիճակի Չէ Ղեկավարելու, Ան Ազգային Բեռ է, Հայաստանի Գոյութեան, Ժողովրդավարութեան եւ Արժանապատուութեան Համար Ան Պէտք է Հեռանայ․ Օսկանեան

Հայաստան, Յօդուածներ – Զրոյցներ, Սփիւռք

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեան կը գրէ․

«Փաշինեանը պէտք է հեռանայ. Հայաստանի անվտանգութիւնը, ժողովրդավարութիւնն ու արժանապատուութիւնն են վտանգուած

Նիկոլ Փաշինեանի երէկուայ ելոյթը Ազգային ժողովում՝ նշանաւորուած անկայուն պահուածքով եւ սպառնալից յայտարարութիւններով նախկին նախագահների հասցէին, համոզմունքի արտայայտութիւն չէր, այլ՝ անկման մէջ գտնուող մարդու հոգեկան փլուզում։ Իսկ այսօր, Գիւմրու ընտրութիւններից առաջ ընդդիմադիր թեկնածուների, նրանց հարազատների եւ կողմնակիցների նկատմամբ սկսուած ձերբակալութիւնների եւ ահաբեկման ալիքը պարզապէս հաստատում է այն, ինչ ամբողջ Հայաստանը վաղուց գիտի. Փաշինեանը այլեւս ի վիճակի չէ ղեկավարելու։ Նա պարզապէս ձախողուած առաջնորդ չէ – նա ազգային բեռ է։ Նրա շարունակական ներկայութիւնը իշխանութեան ղեկին սպառնալիք է Հայաստանի անվտանգութեան, ժողովրդավարութեան եւ արժանապատուութեան համար։

Եօթ տարի առաջ ժողովրդի յոյսի ալիքի վրայ իշխանութեան եկած Փաշինեանը դարձել է ազգային կործանման ճարտարապետ։ Նրա ռազմավարական կուրութիւնը, քաղաքական անփորձութիւնը եւ պատասխանատուութիւն ստանձնելու մերժումը Հայաստանին տարել են պատմական պարտութիւնների եւ մեկուսացման դարաշրջան։

Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստը, աւելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարաւոր երիտասարդ զինուորների զոհուելը՝ սա ճակատագրի հեգնանք չէ, այլ նրա անպատասխանատու որոշումների եւ ձախողուած առաջնորդութեան ուղիղ ու ողբերգական հետեւանքներն են։

Դեռ աւելին՝ Փաշինեանը ոչ միայն չի պաշտպանել Հայաստանի շահերը, այլ ակտիւօրէն խաթարել է դրանք։ Այսօր նա միակ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրաւունքը միջազգային օրակարգ բերելու ճանապարհին։ Թէեւ համաշխարհային հանրութիւնը պատրաստակամութիւն է յայտնել աջակցելու այս հիմնարար հարցին, Փաշինեանի անգործութիւնը – եւ հաւանաբար նաեւ՝ լուռ հակազդեցութիւնը – շարունակում են ջնջել հայկական պահանջները դիւանագիտական քարտէզից։

Հայաստանի ինքնիշխանութիւնն սկսել է քայքայուել նրա օրօք։ Հայ պատանդները դեռ Ատրպէյճանի բանտերում են, միջազգային ճանաչում ունեցող հայկական տարածքներ են փաստացիօրէն զիջուել, իսկ նոր զիջումներն արդէն հորիզոնում են։ Միեւնոյն ժամանակ, երկրի արտաքին քաղաքականութիւնը վերածուել է մոլորուած խաղի ու վտանգաւոր զիջողականութեան։ Եթէ թոյլ տրուի, Փաշինեանը մինչեւ վերջ կ’աւարտի հայկական պետականութեան ապամոնտաժումը։

Բայց նոյնքան դատապարտելի է նրա ներքին կառավարման ձախողումը։ Նա հիմա իշխում է վախի, ճնշման եւ պետական քարոզչութեան միջոցով։ Նրա իշխանութիւնը դարձրել է պետութեան հիմնարկները զէնք ընդդիմախօսների դէմ, բռնագրաւել է դատական համակարգը, ահաբեկել է այլախոհներին ու իրական քաղաքացիական հասարակութեանը։ Նրա օրօք կոռուպցիան դարձել է նորմ, պետական ռեսուրսները հոսում են հաւատարիմների գրպանները, իսկ սովորական հայաստանցիները թողնուած են հիասթափութեան ու աղքատութեան մէջ։ Նա Հայաստանը դեռ թոյլ ժողովրդավարութիւնից վերածել է աւտոկրատիայի՝ պատրանքային լեգիտիմութեան քօղի տակ։

Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ ընդամէնը 10 տոկոս հայաստանցիներ դեռ աջակցում են Փաշինեանին։ Մարդ, ով չունի ժողովրդավարական մանդատ, ով կառչել է իշխանութիւնից ոչ թէ իր կարողութիւններով, այլ ճնշմամբ, չի կարող խօսել մի ազգի անունից, որին ինքն է խայտառակել ու վտանգի ենթարկել։ Նրա իշխանութիւնն այսօր պահւում է ոչ թէ ժողովրդի կամքով, այլ՝ ճնշման, ահաբեկման ու կեղծիքի ցինիկ մեքենայութեամբ։

Եւ ամենադատապարտելին՝ նրա վերաշարադրուած հռետորաբանութիւնն է Հայոց Ցեղասպանութեան շուրջ։ Ցանկացած հայ առաջնորդի կողմից մեր ժողովրդի ողբերգութիւնը աղաւաղելը աններելի է։ Դա յիշողութեան պղծում է, ցինիկ քաղաքական հաշուարկ, որը ցոյց է տալիս, թէ որքան հեռու է պատրաստ Փաշինեանը գնալ՝ իշխանութիւնը պահպանելու համար – նոյնիսկ եթէ դա տեղի ունենայ մեր պատմութեան ու ինքնութեան հաշուին։ Եթէ նա պատրաստ է այդքան զոհողութեան, էլ ինչին է նա պատրաստ հրաժարուելու համար։

Նիկոլ Փաշինեանի ժամանակը սպառուել է։ Հայաստանը այլեւս չի կարող շարունակել սահել դէպի յուսահատութիւն, պառակտում եւ պարտութիւն։ Երկիրը արժանի է առաջնորդի, ով միաւորում է, այլ ոչ թէ բաժանում։ Ով պաշտպանում է նրա ինքնիշխանութիւնը, այլ ոչ թէ յանձնում։ Ով յիշում ու պատւում է անցեալը, այլ ոչ թէ վերաշարադրում յարմարութեան համար։ Հայաստանի գոյութեան, ժողովրդավարութեան եւ արժանապատուութեան համար՝ Փաշինեանը պէտք է հեռանայ»։