
Աղօթքով Առ Բարձրեալը Զօրակցութիւն Կը Յայտնենք Գերեվարուած Սիրելի Մեր Զաւակներուն․ Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ գումարուած Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարութեան, զինուորականներու եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ազրպէյճանի մէջ իրականացուող շինծու դատավարութիւններուն, հանդէս եկած է յայտարարութեամբ.
«Գերագոյն հոգեւոր խորհուրդը արձանագրում է, որ ազրպէյճանում անազատութեան մէջ ապօրինաբար պահուող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ ազրպէյճանական իշխանութիւնների շարունակուող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են։
Ակնյայտ է, որ Միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների բացայայտ խախտումներով ընթացող դատավարութիւնը ուղեկցւում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքոյց նպատակ է հետապնդւում հիմնովին խեղաթիւրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման պատմութիւնը՝ միտում ունենալով նուաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետութեանը։ Անտեսելով միջազգային հանրութեան յորդորներն ու պահանջները՝ ազրպէյճանական իշխանութիւնը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլեւ արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանութեան եւ պատերազմական յանցագործութեան անհերքելի փաստերը, ինչպէս նաեւ զոհերին ներկայացնելու իբրեւ ոճրագործներ։
Շինծու դատավարութիւններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզուած կեղծ ցուցմունքների միջոցով ազրպէյճանական իշխանութիւնները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրեալներ ստեղծել Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամէն ինչ արւում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների եւ միջազգային կազմակերպութիւնների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկուած են նաեւ հոգեւոր խնամքից օգտուելու տարրական հնարաւորութիւններից։
Այս պայմաններում մեծապէս կարեւորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառոյցների ջանքերի մէկտեղումը՝ հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնութիւններով ուղեկցուող ապօրինի գործողութիւնները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։
Յորդորում ենք Հայաստանի իշխանութիւններին նախաձեռնել գործուն ու հնարաւորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարաւորութիւններն ու ամբողջ ներուժը։
Կոչ ենք ուղղում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրաւունքների պաշտպանութեան մանդատ ունեցող միջազգային կազմակերպութիւններին ու նրանց ղեկավարներին` առաւել ազդու միջոցներ կիրառել ազրպէյճանի նկատմամբ՝ հայ գերիներին անյապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատեւ խաղաղութիւն եւ սերունդների համար արժանապատիւ գոյակցութեան պայմաններ կարելի է ապահովել միայն առկայ հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ արցախահայութեան իրաւունքների իրացման պարագայում։
Աղօթքով առ Բարձրեալը զօրակցութիւն ենք յայտնում գերեվարուած սիրելի մեր զաւակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողութիւններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կեանքի եւ առողջութեան համար։ Մեր յորդորն է սիրելի Ռուբէն Վարդանեանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հաւատով շարունակել պայքարել յանուն ազատ ու արժանապատիւ կեանքի իրաւունքի։ Մեր հայցն ենք վերառաքում առ Աստուած բոլոր գերեալների, նեղեալների եւ նրանց ընտանիքների համար՝ խնդրելով Տիրոջ օրհնութիւնն ու օգնականութիւնն ամենքին»։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին