ՀՀ Կառավարութեան Ղեկավարը Միջազգային Գանգատներէն Հրաժարելու Կամ Այդպիսի Որոշումներու Համար Քաղաքական Ճնշում Գործադրելու Իրաւասութիւն Չունի. Թաթոյեան

Հայաստան

«Միջազգային ատեաններից ազրպէյճանի դէմ Հայաստանի գանգատներից հրաժարուելն անհնար է նաեւ իրաւական արգելքի պատճառով»,- նշած է Հայաստանի Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան։  Ըստ անոր, ՀՀ կառավարութեան ղեկավարը այդ յայտարարութիւնները կ՝ընէ ՔՊ ղեկավարի իր նեղ շահերու գերակայութեամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը եւ սխալ մեկնաբանելով Կառավարութեան լիազօրութիւնները: «Նա չունի այդ գանգատներից հրաժարուելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրաւասութիւն: Դա հակասում է ՀՀ անվտանգութեանն ու պետական միւս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրաւունքները: Այդ գանգատներից հրաժարուելը Հայաստանի Հանրապետութիւնը դնում է պատասխանատւութեան տակ սեփական քաղաքացիներին իրենց իրաւունքների զանգուածային խախտումների համար պաշտպանութիւնից զրկելու, այդ պաշտպանութիւնից հրաժարուելու եւ յետագայում պաշտպանութեան խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ազրպէյճանական յանցանքները: Ուստի, գանգատներից հրաժարուելը չի կարելի «հիմնաւորել»` Կառավարութեան ինչ որ առանձին, «մեկուսացած» լիազօրութեան վրայ յղում անելով: Սա այդ դէպքը չէ: Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարուելու Վարչապետի կամ Կառավարութեան բացարձակ հայեցողութիւն: Հրաժարուելն ունի բոլորովին այլ իրաւական ռեժիմ արդէն իսկ նախաձեռնուած կամ ընթացող միջագային դատական գործընթացի պայմաններում: Այն, որ միջազգային իրաւական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենեակը ՀՀ վարչապետի աշխակազմի կառուցուածքային միաւոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միաւորը Վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը յատկապէս գործող Կառավարութեան պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակայ են պետական շահերի նկատմամբ: Նշուածից բացի, ՔՊ ղեկավարն իր յայտարարութիւններով ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ այլ գործերով նման բաներ տեղի են ունեցել: Օրինակ` ինքը կամ իր քաղաքական թիմակիցների մի մասը մինչեւ իշխանութեան գալը Եւրոպական դատարան են ներկայացրել գանգատներ ու հիմա քաղաքական ճնշում օգտագործելով` ստիպել են հրաժարուել Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշումներից յանուն իրենց «յաղթանակի»»,- գրած է Արման Թաթոյեան։