
Մեծ Բրիտանիոյ Հայկական Համայնքային Խորհուրդը Իր Խորին Մտահոգութիւնն ու Վրդովմունքը Կը Յայտնէ Վարչապետ Փաշինեանի Խօսքերուն Վերաբերեալ
Աշխարհասփիւռ հայ համայնքները եւ Հայաստանի մեր հայրենակիցները ցնցուել են վարչապետ Փաշինեանի դիտարկումներից՝ արուած 2025 թ․ Յունուարի 24-ին, Զուիցերիայի մի խումբ սփիւռքահայերի հետ հանդիպման ընթացքում: Հայոց Ցեղասպանութեանը անդրադառնալիս նրա մեկնաբանութիւնները կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահոգութիւնն ու վրդովմունքն է յայտնում վարչապետ Փաշինեանի խօսքերի առնչութեամբ։ Հայոց Ցեղասպանութիւնը պատմութեան ապացուցուած, անհերքելի փաստ է՝ անկախ թուրքիայի եւ նրա խորքային պետութեան ժխտողական քաղաքականութիւնից։ Աւելի քան 30 երկրներ, այդ թւում՝ ԱՄՆ-ն, Ֆրանսան, Գանատան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ պաշտօնապէս ճանաչել են իրադարձութիւնները որպէս ցեղասպանութիւն։ Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն Էրտողանից եւ նրա հետեւորդներից։
Արդեօ՞ք պարոն Փաշինեանը միացել է էրտողանի կողմից ճշմարտութեան յամառ ժխտմանը. պատմական փաստ, որը հաստատուած է բազմաթիւ արձանագրութիւններում: Սա դաւաճանութիւն է ազգի նկատմամբ, ճշմարտութեան ժխտում՝ «եկէք նայենք սրան եւ տեսնենք, թէ իրականում ինչ է եղել» ռեւիզիոնիստական շեշտադրմամբ։ Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թէ որոնք են իր շարժառիթները։
Գուցէ, իսկապէս, նա էրտողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտութիւնը՝ կասկածի եւ շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար: Մենք չենք կարող թոյլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլիատոր անձինք, իրենց կասկածելի քաղաքական օրակարգով, մեզ մոլորութեան մէջ գցեն։
Նիկոլ Փաշինեանը պարտաւոր է պաշտօնապէս եւ բացայայտ ներողութիւն խնդրել իր անպատասխանատու եւ վիրաւորական արտայայտութիւնների համար, որոնք անարգում են Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակների յիշատակը։
Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ
Լոնտոն, 2025 թ․ Փետրուար