
2023թ․ Սեպտեմբեր 19-ին Կրակոցներէն 20 Վայրկեան Առաջ Ալէն Սիմոնեանը Զանգած է Դաւիթ Իշխանեանին. Արցախի Խորհրդարանի Պատգամաւոր
«Նախ պէտք է կողմնորոշուենք, թէ ո՞ր Ալէն Սիմոնեանն է նման բան ասել՝ Ակնան իր հայրենիքը համարո՞ղ Ալէն Սիմոնեանը, մարդկանց վրայ թքո՞ղ Ալէն Սիմոնեանը, թէ այսօր ԱԺ նախագահի պաշտօնը զբաղեցնող Ալէն Սիմոնեանը»։ «Հայելի» ակումբին մէջ այս մասին ըսաւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեան՝ անդրադառնալով Ալէն Սիմոնեանի՝ խորհրդարանէն ներս արցախցի լրագրողին ըրած այն արտայայտութեան, թէ կարելի էր մնալ ու պայքարիլ մինչեւ վերջ։
«Ալէն Սիմոնեանը խնդիր ունի Նիկոլից աւելի Նիկոլ ձեւանալու համար…Մենք բոլորս գիտենք, որ Արցախը յանձնուած է Նիկոլ Փաշինեանի եւ իր խունտայի կողմից, որի մէջ մտնում է նաեւ այդ անձնաւորութիւնը՝ Ալէն Սիմոնեանը: Եւ ստորագրութեամբ են յանձնել, եւ պայմանաւորուած պատերազմ սկսել, մեղաւորը իրենք են, որ Եռաբլուրն այսքան մեծացել է: Շուրջ 5000 զոհ ունենք, որի անմիջական պատասխանատուն եւ մեղաւորը հենց այդ նոյն մարդիկ են: Այսօր նրանք արդարանալու խնդիր ունեն: Երբ այդ նոյն Ալէն Սիմոնեանը նստած էր իր կաբինետում (գրասենեակ, «ԵՌԱԳՈՅՆ») կամ իր թանկարժէք մեքենայում, այնտեղից երեւի չէ՞ր երեւում, թէ Արցախում ինչ է կատարուել:
Չնայած համոզուած եմ, որ իրենք շատ լաւ գիտէին, նրանց հետ այդ ամէնը պայմանաւորուած է եղել: Մի բան կ՝ասեմ, երբ 2023թ․ Սեպտեմբերի 19-ին ԱԺ պատգամաւորներով, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի հետ գտնւում էինք Ասկերանում, հանդիպում էինք Ասկերանի ակտիւի հետ, Ալէն Սիմոնեանը զանգեց Դաւիթ Իշխանեանին: Դաւիթ Իշխանեանի նրա հետ խօսելուց յետոյ, երբ վերադառնում էինք Ստեփանակերտ, արդէն լսուել էին առաջին կրակոցները, այդ կրակոցներից 20 րոպէ առաջ էր Ալէն Սիմոնեանը զանգել Դաւիթ Իշխանեանին: Դաւիթ Իշխանեանն այն ժամանակ ասաց, թէ հիմա է հասկանում՝ ինչու է Ալէն Սիմոնեանը զանգում: 3 անգամ Ալէն Սիմոնեանը հարց էր տուել՝ ամէն ինչ կարգի՞ն է: Դաւիթ Իշխանեանը պատասխանել էր՝ այո: Նորից է հարցրել՝ իրօ՞ք ամէն ինչ կարգին է»: