«Անլռելի Զանգակատուն»․ Պարոյր Սեւակ

Այլեւայլ, Էրկիր, Հայաստան, Սփիւռք

ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ


Խանգարե՞լ: Ինչի՞ համար… 
Գարուն էր: Չեկած ամառ` 
Փուլ եկաւ երկնակամար,
Ձիւն մաղեց մեր բաց գլխին,
Ձիւն մաղեց` կրակի՜ պէս…
-Գարուն ա, ձուն ա արել… 
Գետերը մեր երերման 
Հոսեցին` երակի՜ պէս
-Արունը ջուր ա դառել… 
Ձորերը շիրիմ դարձան, 
Վիհերը գերեզմանոց. 
-Ջուրը մեր տունն ա տարել… 
Ամէն քար` լուռ մահարանձան,
Ամէն տուն` վառման հնոց…
-Բնաւեր հաւք ենք դարձել…
Ինչքան բառ` ո՜ղջը մրմունջ, 
Ինչքան երգ` ո՜ղջը լալով. 
-Զուլում էր, զուլու՜մ, լաօ՛…
Թրի դէմ, սրի, հրի`
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ. 
-Տնաւե՜ր-բնաւե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին, 
Մեր երկիրն ամայացաւ.
-Սե՜ւ կապիր, սեւսիրտ մարէ…
Հինաւուրց տոհմիկ մի ազգ
Չմեռաւ, այլ… մահացաւ.
-Գարուն ա, ձուն ա արել… 
Գարուն էր: Ամառ եկաւ,
Ձագ հանեց ձորում կաքաւ,
Իսկ հայրը զրկուեց ձագից,
Իր պոռթկան թոնրի տաքից, 
Իր մօրից, հօրից, եարից,
Իր բնից ու աշխարհից. 
-Գարուն ա, ձուն ա արել… 
…Ա՛խ, ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհաւիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանայ,
Ջուխտ աչքով թող քոռանայ…
Գառնարած, հովիւ, նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից… 
Կէսօրին էլ ո՞վ կ՝երգէր.
-Սարերը հով չեն անում, 
Իմ դարդին դարման անում… 
Հնձուորը արտում մորթուեց
Իր ձեռքի սուր մանգաղով… 
Խեղճ հարսը էլ ո՞նց երգէր.
-Քաղուորին հաց եմ բերում,
Բերանը մաց եմ թողում… 
Ձկնորսը Վանայ ծովում
Չըփրկուեց ճարպիկ լողով…
Աղջիկը զո՜ւր էր կանչում
-Իմ ծամթել տամ լողուորչուն…
Երկրի մէջ մարդ չըմնաց`
Մարդ թաղեր մարդու նման… 
Ա՜խ, մնար մէ՛կը գոնէ
Ու կանչէր.
-Դլէ եամա՛ն…
…Ա՛խ, ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհաւիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանայ,
Ջուխտ աչքով թող քոռանայ…
…Ջահերը վառ մնացին 
Ժամերգուող եկեղեցում,
Ժամկոչին կախ տուեցին
Պարանից զանգակատան… 
Ջաղացից աղուն բերող 
Ալրոտուած խեղճ գիւղացուն
Իր սայլը դագաղ դարձաւ,
Ալիւրը` արնոտ պատան…
Մայրը ընկաւ` ծիծը թողած
Իր փըմփլիկ մանկան բերնում, 
Ծծի տեղ ցից խրելով` 
Խեղդեցին մինուճարին… 
Տատն ընկաւ` ձեռքը մեկնած
Կըչկըչան հաւի թառին –
Իր հիւանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում… 
Կալի մէջ պապիկն ընկաւ –
Իր ոսկէ թեղն էր էրնում,
Որպէսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի… 
Ով ծաղիկ հաց էր թխում` 
Խորովուեց թոնրի ծխում…
Ով հասել ուխտատեղի, 
Վառել էր մոմը դեղին, 
Մոմի դէմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն, 
Որ բախշի մի լաճ տղայ,
Իր արեամբ մոմը մարեց`
Չաւարտած ՙՏէ՜ր, քեզ մեղա՚ -ն…
-Գարուն ա, ձուն ա արել… 
…Խոցեցին ու ջընջեցին, 
Հատեցին հաստ ու բարակ, 
Յօշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տուին կրակ,
Վաթեցին արիւն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձրունք, 
Քանդեցին երկինք մի լուրթ, 
Մորթեցին մի ժողովուրդ, 
Հացառատ մի ողջ աշխարհ 
Սարքեցին փշրանք-նշխար, 
Սո՜ւրբ նշխար` շա՜ն բերանում,-
Ուզեցին մէկ հայ թողնել,
Եւ այն էլ… թանգարանում…
-Գարուն ա, ձուն ա արել…