Պահպանել Ազգային Գաղափարները Եւ Տեսլականը. Օրակարգային Պահանջ` Ճգնաժամը Յաղթահարելու Համար․ «Ալիք»
Խմբագրական
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինեանի գրեթէ բոլոր հանրային ելոյթների առանցքը հակագաղափարն է եւ, ինչպէս քաղտեխնոլոգներն են նշում, հակագաղափարները` որպէս հայեցակարգ, նրա մօտ արտայայտւում են հանրային գիտակցութեան մէջ արմատացած գաղափարներին, մտածողութեանը եւ արժեհամակարգին հակադրուելով, աւելի ստոյգ` դրանց ոչնչացմամբ:
Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան հետ նրա վերջին աղմկայարոյց հարցազրոյցը եւ դրանում առաջ քաշուած ամենակարեւոր հակագաղափարը նոյնպէս տեղաւորւում է վերը նշուած սահմանման տրամաբանութեան շրջանակում:
«Նեղւում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ-որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արեւմտեան Ազրպէյճան» եզրը: Բա որ մենք ասում ենք Արեւմտեան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում ենք: Հիմա էլի ասելու են` հերթական դաւաճանութիւնը, ստոր տականքութիւնը: Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատուութեան մէջ եմ, որ պարտաւոր եմ մեր ժողովրդի հետ խօսել ու ցոյց տալ պատճառահետեւանքային կապերը, շղթաները: «Եթէ ես դա չանեմ, նշանակում է` գիտակցաբար երկիրը տանում եմ դէպի կորուստ», ասել է նա հարցազրոյցի ընթացքում` միտումնաւոր կերպով նոյնացնելով ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ու Արեւմտեան Ազրպէյճանը:
Հարցն այստեղ բնաւ այն մասին չէ, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը չգիտի, թէ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ աշխարհագրական եզր է` պատմականօրէն ընդունուած, դարեր շարունակ շրջանառուած, արձանագրուած ու նշուած բոլոր ժամանակների քարտէսներում, իսկ Արեւմտեան Ազրպէյճանն ընդամէնը մտացածին յօրինուածք է, որով Ալիեւը փորձում է յագուրդ տալ իր ծաւալապաշտական նկրտումներին, այլեւ կարեւորը եւ վտանգաւորն այն է, որ նա հանրային քննարկման հրապարակ նետած հերթական հակաթեզի շնորհիւ` փորձում է շարունակել հայ ժողովրդի ազգային, բանական, արժէքային ու բարոյական հոգեկառուցուածքի միտումնաւոր ու նպատակային կազմաքանդումը:
Փաշինեանը փորձում է` ջնջել մեր ազգային պատմական յիշողութիւնը, առ ոչինչ դարձնել հազարամեակների ընթացքում մեր ապրածն ու արարածը, ներկայացնել մեզ անօգնական, անկարող, թոյլ ու անպիտան, խեղել, այլանդակել մեր հաւաքական նկարագիրն ու ազգային ինքնութիւնը` ոչնչացնելով դրա առանցքը եւ ողնայարը կազմող գաղափարներն ու տեսլականը:
Խորհրդանշերի, գաղափարների եւ տեսլականի դէմ այս յամառ պայքարը, որի ականատեսն ենք մենք այսօր, չափազանց վտանգաւոր է: Խորհրդանշերը, գաղափարներն ու տեսլականը մեր ազգային մտածողութեան եւ հոգեկառուցուածքի անկիւնաքարեր են: Երբ հանւում են այդ անկիւնաքարերը, փլուզւում է ողջ համակարգը, դրա փոխարէն` առաջանում է մեծ բաց, անյատակ անդունդ, որն անխուսափելիօրէն լցուելու է հակագաղափարով, հակարժէքայինով, հակազգայինով: Փաշինեանի, նրա քաղաքական խմբակի եւ նրանց արտասահմանեան պատուիրատուների նպատակը հէնց դա է. ջարդել մեր խորհրդանշերը, արժեզրկել գաղափարներն ու տեսլականը, առաջացնել դատարկութիւն, որը հնարաւոր է լցնել ցանկացածով:
Մենք պէտք է հասկանանք ու գիտակցենք, որ մեր ազգի գոյութեան հազարամեակների ընթացքում, տարբեր ժամանակաշրջաններում, պատմական տարբեր իրադարձութիւններ են տեղի ունեցել, տարբեր իրողութիւններ են եղել, յաճախ` մէկը միւսին հակասող, ճիշդ կամ սխալ, յաղթական կամ պարտուողական, բայց կարեւորը միշտ էլ եղել են մեր ակունքներից եկող, մեր ազգային մտածողութիւնը, հոգեկառուցուածքը եւ արժէքային համակարգը ձեւաւորող եւ հիմնաւորող խորհրդանշերը, գաղափարները եւ տեսլականը, որոնք առաջնորդել եւ պահպանել են մեզ մեր պատմութեան փոթորկոտ յորձանուտերում:
Եւ այսօր հէնց այդ խորհրդանշերը, գաղափարներն ու տեսլականներն են, որ յայտնուել են թիրախում: Այսօր մեր ազգը ենթարկւում է նպատակային, մոլորեցնող բնոյթի հոգեբանական-քարոզչական բաւական մեծ եւ վտանգաւոր յարձակման, որը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ հազարամեակների ընթացքում պատմական սխալ ուղով է ընթացել, սխալ գաղափարներ եւ տեսլական է իւրացրել, սխալ խորհրդանշեր է ընտրել: Մեզ փորձում են ստիպել համակերպուելու նուաստացուցիչ ներկայի եւ ամուլ ապագայի փաստի հետ: Մեզ փորձում են պարտադրել առանց յիշողութեան, նպատակների, արժէքների, երազանքների եւ տեսլականի ապագայ, առանց իրաւունքի զգացողութեան` իրական հայրենիքի եւ նրա հոգեւոր ժառանգութեան հանդէպ: Ուղիղ խօսքով, ազգը փորձում են դարձնել «Անասնաֆերմայում» ապրող «անասունների հաւաքականութիւն», որը չունի յիշողութիւն, չունի ո՛չ անցեալ եւ ո՛չ ապագայ, չունի պահանջներ, նպատակներ ու տեսլական եւ դրանց հասնելու համար` պայքարի ոգի ու կամք, եւ ապրում է միայն ներկայով` առօրեայ հոգսերով եւ ստամոքսով, առաջնորդուելով «որտեղ հաց, այնտեղ կաց» անսկզբունքայնութեամբ ու հայրենիք կոչուածը դիտարկում եւ ընկալում է լոկ որպէս տարածք, որտեղ պէտք է միայն ապրել եւ բազմանալ:
Ցաւօք, պէտք է խոստովանենք, որ դաւաճանական, թշնամական այս ծրագրի իրագործումը որոշակիօրէն ստացւում է դրա կեանքի կոչման համար հաւաքագրուածների մօտ, պարզապէս այն պատճառով, որ ողնաշարը փշրուած, ծնկած ու յանձնուած հանրութեան մօտ ոչ մի կերպ չի ստացւում վերականգնել ազգային արժանապատուութեան զգացողութիւնը: Թւում է, թէ հայ հանրային-հասարակական միտքը համակերպուել է կորստին, ստորացմանը եւ իրեն պարտադրուող ոչնչացմանը:
Փաստ է, որ հայ հասարակութեան (Հայաստանում եւ սփիւռքում) ստուար մի հատուածը չի ընկալում եւ հասկանում` մեզ պարտադրուած փոփոխութիւնների ահռելի ծաւալը եւ նշանակութիւնը, փոփոխուած եւ սեղմուած սահմաններով հայրենիքը, պետականութեան ինքնիշխնութեան եւ անվտանգութեան աստիճանի կտրուկ անկումը, նպատակների, հեռանկարների եւ երազանքների չգոյութիւնը, հիմնականում այն պատճառով, որ մեզ չի յաջողուել 44-օրեայ պատերազմի աղէտից յետոյ ձեւակերպել ազգի եւ պետականութեան մասին յետպատերազմեան բովանդակութիւն:
Դա մեծապէս պայմանաւորուած է այն հանգամանքով, որ հայ ազգային-քաղաքական միտքը դեռեւս չի կարողացել ձեւակերպել այս ահռելի փոփոխութիւններին համապատասխան, նոր բովանդակութեամբ ազգային օրակարգ, որի հիմքում ընկած կը լինեն թարմացուած, օրուայ իրականութեանը համապատասխանեցուած, նոր սահմանումներով նոյն այն խորհրդանշերը, գաղափարները եւ տեսլականը, որոնք, յիշեցնենք, պահպանել եւ առաջնորդել են մեզ պատմութեան յորձանուտերում:
Այդ խորհրդանշերը, գաղափարներն ու տեսլականը բնաւ ժամկէտանց չեն: Նրանք կենսունակ են, ապրող ու ապրեցնող, միայն թէ անհրաժեշտ է դրանք թարմացնել եւ համապատասխանեցնել նոր իրողութեանը` վերականգնելու համար հայոց պետականութեան ապագային ուղղուած ազգային օրակարգը եւ դրան նուիրուած, դրա համար կռիւ տուող եւ պայքարող հայ մարդու կերպարը:
Սա է կարող լինել մեզ պարտադրուող հակագաղափարները չէզոքացնելու, առկայ մարտահրաւէրները յաղթահարելու եւ դէպի առաջ շարժուելու բանաձեւը: Այլապէս, պատմութիւնը դաժան է լինելու մեր նկատմամբ:
Չմոռանա՛նք. հազարամեակների ընթացքում, մեզ զուգահեռ, մեր կողքին եղել են նաեւ այլ ազգեր եւ պետական միաւորներ, որոնք սակայն չեն դիմացել պատմութեան փորձութիւններին ու վերացել են` չհասնելով մեր օրերը, իսկ հիմա մենք եկել հասել ենք խիստ ճգնաժամային, ճակատագրական մի փուլի, որից խուսափել չենք կարող:
ՀՀ գործող իշխանութիւնները մեզ պարտադրել են մի իրողութիւն, որի արդիւնքում, որպէս պետութիւն, կարող ենք չլինել այլեւս: Միգուցէ լինենք ու ապրենք Թեհրանում, Պէյրութում, Փարիզում, անգամ` Երեւանում կամ Գիւմրիում, բայց ոչ` Հայաստան կոչուող պետութիւնում:
Նման բեմագրութիւն հնարաւո՞ր է: Միանշանակ` այո՛: ՀՀ գործող իշխանութիւնների հակազգային եւ դաւաճանական քայլերն ուղիղ ճանապարհով տանում են դէպի դրան: Իսկ հնարաւո՞ր է արդեօք կասեցնել այս ընթացքը: Ի հարկէ` այո՛: Դա ցոյց է տուել մեզ մեր անցած ուղին, երբ ամենաբարդ եւ անելանելի թուացող իրավիճակներում կարողացել ենք յաղթահարել ճգնաժամերը, երբ ամէն ինչ թուացել է աւարտուած: Դա հնարաւոր է դարձել բացառապէս մեր ազգային ինքնութեան ինքնադրսեւորման, մեզ առաջնորդող գաղափարներին եւ տեսլականին ապաւինելու շնորհիւ միայն:
ՀՀ գործող իշխանութիւնների միտումը պարզ է. խեղել այդ ինքնութիւնը, ոչնչացնել այդ գաղափարներն ու տեսլականը: Իսկ մեր միտումը պէտք է լինի մէկը եւ միանշանակ. պահպանել այդ բոլորը` վերաիմաստաւորելով դրանք: