Հանդիպում Մը Կեանքի Ուղիներուն Վրայ․ Գրիգոր Տունկեան

Յօդուածներ – Զրոյցներ

Հայաստանի Ա. Հանրապետութեան վարչապետ Սիմոն Վրացեանի «Կեանքի ուղիներով» յուշամատենագրական երկը իր կրկնակի հրատարակութիւններով  ծանօթ է մեր յարգոյ հանրութեան: Լուսարձակի տակ պիտի առնեմ անոր մէջ տեղ գտած Հալէպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ զանգակատան բարերարին հետ հեղինակին հանդիպումներուն առնչուած տեղեկութիւնները, որոնք տեղադրուած են «Հանդիպումներ» բաժինի, Ճորճ Ռըզքալլա Թահհան ենթավերնագիրին տակ:

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ շրջափակի յարատեւ ներկային մասին հետաքրքրական տեղեկութիւններ դուրս բերելով պատմութեան էջերէն` մամուլի ճամբով հասանելի կ՛ուզեմ դարձնել բոլորին, յատկապէս` մեր նորահասներուն, որպէսզի ճանչնան իրենց ծննդավայրի  երախտաւորները: Յիշելով նաեւ, որ Հալէպի խորհրդանիշերէն մին դարձած Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ զանգակատան աշտարակը արդէն բոլորեց կառուցման աւարտի 95-րդ տարին:

Մինչեւ ակնարկած հանդիպումիս մանրամասնութիւններու ներկայացումը, ժամանակին եւ վայրին հետ աղերսելու  համար ընթերցողը, Ա. հատորէն քաղելով` Վրացեանի տողերով ամփոփ կը  ներկայացնեմ, թէ ե՛րբ եւ ի՛նչ հանգամանքներու մէջ հանդիպած են անոնք:

Ս. Վրացեան գրած է. «1936-ին ճակատագիրը ինձ նետեց Հարաւային Ամերիկա: Ոտքս կոխած երկիրը եղաւ Պրազիլ:  Սան Փաուլոյի հայերը արքայական ընդունելութիւն ցոյց տուին ինձ 1936- ին: Եկել էին յատուկ գնացքով մինչեւ Սանթոս նաւահանգիստը` հոգաբարձութիւն, դպրոցի ուսուցիչներ, հայրենակցական միութիւններ, Հայ կարմիր խաչ, ընկերներ ու ընկերուհիներ, համայնքի հովուի գլխաւորութեամբ, եռագոյն դրօշի հովանու ներքեւ: Առանձնապէս յուզիչ էր ընդունելութիւնը Սան Փաուլօ քաղաքում. կայարանում խռնուած էին մեծ բազմութիւն եւ դպրոցի աշակերտութիւնը` դրօշակներով եւ ծաղիկներով: Օտարները զարմանքով դիտում էին այս եռուզեռը, բայց ամէնից աւելի ես էի զարմացած. այսպիսի ցոյցերի ես ո՛չ սպասում էի, ո՛չ էլ արժանի էի համարում ինձ: Սակայն շուտով գլխի ընկայ, որ իմ անձը առիթ էր միայն: Իմ տեղը ուրիշ այցելուի վերաբերմամբ էլ, հաւանաբար, նոյնը պատահէր: Հայրենիքից բազմահազար մղոններով հեռու, հայրենիքի կարօտը  յորդացած  սրտերում  Սան Փաուլոյի  հայրենակիցները  հոգեկան պահանջ  ունէին իրենց հայրենասիրական բուռն զգացումներին ազատ ելք տալու: Ինձ մնում էր համակերպուել եւ պարկեշտօրէն կատարել ինձ վիճակուած դերը:

«Յաջորդ առաւօտից սկսուեցին  պաշտօնական այցելութիւնները` պատուիրակութիւնների եւ անհատների: Արարողապետը մեծ մասամբ մեր պատուական ընկեր Գիւտ Մխիթարեանն էր` կեդրոնական դէմքը Սան Փաուլոյի հայութեան: Անհատ այցելուներից առանձնապէս իմ ուշադրութիւնը գրաւեց միջահասակ, ամուր կազմուածքով, կենդանի աչքերով եւ լուրջ արտայայտութեամբ, եօթանասունի մօտեցող մի պարոն:

– Ճորճ Ռըզքալլա  Թահհան,- ներկայացուց Գիւտը,- Սան Փաուլոյի հայ գաղութի ամենահին եւ յարգելի անդամներէն: «Ձեռքերի ջերմ սեղմում եւ… իմ գիտցած լեզուներից ոչ մէկը նա չէր իմանում, ես էլ անծանօթ էի նրա գիտցած փորթուգալերէնին, արաբերէնին ու թուրքերէնին: Գիւտը ստանձնեց թարգմանի պաշտօնը մեր միջեւ:

«Ինձ հետաքրքրեց այդ մարդը: Գիւտից եւ ուրիշներից ու վերջը նաեւ իրենից ստացայ տեղեկութիւններ:

«Ճորճ Ռըզքալլան 43 տարի էր, որ ապրում էր Պրազիլում, գաղթած էր Հալէպից: Պանդուխտ սասունցիի զաւակ էր, արաբախօս: Եկել էր` իբրեւ երկաթագործ համեստ արհեստաւոր, աշխատել էր հայի յատուկ ջանասիրութեամբ եւ շահած դրամով աժան հողեր էր գնել Սան Փաուլոյի ծայրում:

«Տարիների ընթացքում քաղաքի ծայրը դարձել էր քաղաքի կեդրոն: Երկաթագործի փոքրիկ արհեստանոցն էլ դարձել էր մեքենայական  մեծ գործարան:

«Այժմ Հալէպի համեստ արհեստաւորը այլեւս Սան Փաուլոյի հարուստ քաղաքացիներից մէկն էր: Ունէր մեծ գործարան, ունէր շքեղ ապարանք` հարուստների Փաուլիստանա պողոտայի վրայ եւ բազմանդամ ընտանիք: Որդիները շարունակում էին հօր գործը, կինը, հարսները, թոռները շէնացնում  են  աստուածային ամէն բարիքներով լեցուն տունը: Պատմում էին, որ մինչեւ հայերի զանգուածային ներգաղթը Պրազիլ` Ճորճ Ռըզքալլան  աւելի արաբ էր զգում  իրեն, յարաբերութիւն էր պահում սուրիացիների հետ եւ նիւթապէս օգնում  արաբական բարեսիրական ձեռնարկներին: Երբ 1923-ին տեղի է ունենում կիլիկեցի հայերի գաղթը դէպի Հարաւային Ամերիկա, նրա մէջ արթնանում է ազգային զգացումը: Նա լայն աջակցութիւն է ցոյց տալիս հասնող տարագիրներին, տրամադրում նրանց պատսպարան, օգնում է գործի ձեռնարկելու:

«Երբ երկրորդ անգամ Գիւտի հետ այցելութեան եկաւ Ճորճ Ռըզքալլան, ես արդէն բաւական ծանօթ էի նրա կեանքին եւ գործին: Պակասը լրացրեց իր յաջորդական տեսակցութիւնների միջոցին: Խնդրեցի պատմել իր անցեալի մասին: Կրկնեց այն, ինչ որ ես արդէն գիտէի: Եւ պատմութեան ընթացքին յաճախ առանձին շեշտով արտասանում էր` սասունլի: Հպարտ էր, որ քաջ սասունցիներից էր: Իր յաջողութիւնը կեանքում բացատրում էր միայն մէկ բանով` աշխատանքով: Աշխատող ձեռքը չի մուրայ, իսկ հայը ի ծնէ աշխատասէր է: Աշխատանք եւ խնայողութիւն: Հայը ընդունակ է, նախաձեռնող եւ խնայասէր: Այս էր իր կեանքի փիլիսոփայութիւնը:

«Այնուհետեւ  յաճախ էր գալիս մօտս, եւ երկար զրուցում էինք մեծ մասամբ Հայաստանի եւ հայ ազգի ճակատագրի մասին: Փորձառութեամբ հարուստ եւ հաճելի խօսակից էր եւ գիտէր իմաստալից ու սրամիտ պատմութիւններ անել:

«Մի անգամ ես նրան հարց տուի. պարո՛ն Ռըզքալլա, ես զարմանում եմ, ի՞նչն է կապում ձեզ հայութեան հետ. դուք հայերէն չէք խօսում, Հայոց պատմութեան ծանօթ չէք, հայերէն «Հայր Մեր» անգամ չգիտէք, ինչո՞ւ էք ձեզ հայ համարում: Նա, յանկարծակիի եկած, մի պահ լուռ մնաց, ապա խնդրեց լաւ թարգմանել իր ըսելիքը եւ պատասխանեց. «Կար ու չկար մի ագռաւ կար: Աստուած նրան սպիտակ էր ստեղծել, բոլոր ագռաւները զարմանում էին նրա վրայ, որովհետեւ նա սպիտակ էր եւ լաւ երգիչ էր համարւում: Երբ միւս ագռաւները կանչում էին անճոռնի ձայնով ղա՜, ղա՜, սա աղաւնիի պէս կուրծքը դուրս էր ցցում, աղաւնիի նման ձայնում էր` վո՜ւ վո՜ւ, վո՜ւ:

«Վերջը այս խելացի ագռաւը մտածեց, թէ ինք ագռաւ չէ, այլ աղաւնի է: Արդէն գոյնն ալ ապացոյց էր,  թողեց իր ազգակիցներին եւ գնաց միացաւ աղաւնիների երամին: Եւ ի՞նչ էք կարծում` ինչ պատահեց:  Երբ մեր խելացին փորձեց աղաւնիների հետ սիրաբանութիւն անել եւ վո՜ւ վո՜ւ երգել, բոլոր աղաւնիները  յարձակուեցին վրան, կտցահարեցին եւ փետուրները փետեցին. խեղճը մնաց մերկ եւ հազիւ ազատեց կեանքը: Ու երբ վերադարձաւ իր ցեղակից ագռաւներուն մօտ, սրանք էլ յարձակուեցին վրան, կտցահարեցին եւ մնացած փետուրներն էլ փետեցին: Եւ թշուառականը մնաց  մենակ` ո՛չ ագռաւ, ո՛չ աղաւնի:

«Միտք բանին պարզ էր: Աստուած նրան ագռաւ էր ստեղծել, ինչպէ՞ս կարող էր աղաւնի դառնալ: Ճիշդ է` հայերէն չեմ խօսում, Հայոց պատմութիւն չգիտեմ, բայց հայի զաւակ հայ եմ` սասունլի: Հայ եմ ծնուել, հայ էլ հող պիտի մտնեմ: Կրցի՞ հասկցնել, սիրելի՛ բարեկամ: Հայը, նրա կարծիքով, օտարութեան մէջ եթէ լեզուն էլ, ամէն ինչն էլ կորցնի, բայց հաւատարիմ մնայ Գրիգոր Լուսաւորչի սուրբ հաւատքին, միշտ կը մնայ հայ: Ինքը հաւատարիմ էր հայոց եկեղեցուն: Ապացոյց, որ Հալէպի եկեղեցու զանգակատան համար կարեւոր գումար էր նուիրել: Մեր սիրելի Գիւտը օգտուեց առիթից եւ ինձ դառնալով` ասաց.

– Պարոն Ռըզքալլան Սան Փաուլոյի մէջ ալ հայոց եկեղեցի մը պիտի շինէ:

«Ռըզքալլան  չպատասխանեց, ինձ թուաց, թէ նրան հաճելի չեկաւ Գիւտի խօսքը: Ժամանակը չէր հասած այդ փափուկ հարցով զբաղելու:

«Ուրիշ անգամ Ճորճ Ռըզքալլան ինք խօսք բացեց  Սան Փաուլոյի եկեղեցու մասին:

– Ճիշդ է ես խոստացել էի շինել Սան Փաուլոյում, այս մարդիկ ուզում են, որ ամէն բան ես անեմ եւ իրենք միայն վայելեն: Եթէ մարդ իր քրտինքից մի կաթիլ չդնէ գործին մէջ, այդ գործից բան դուրս չի գայ,- բացատրեց նա,- ես ազգի համար ոչինչ չեմ խնայի: Ես ասացի նրանց. եկեղեցի կը շինեմ, բայց դուք էլ պէտք է մասնակցէք, որպէսզի շինուելիք եկեղեցու յարգը իմանաք: Եթէ չմասնակցէք, եկեղեցին պիտի լինի Ռըզքալլայի եկեղեցի: Սրանք ուզում են, որ եկեղեցին ես շինեմ, բոլորովին իրենց յանձնեմ: Այդ պայմանով ես եկեղեցի չեմ շինի:

«Մի ուրիշ առթիւ ես գաղափար տուի բարեկամիս.

– Պարո՛ն Ռըզքալլա, դուք կատարեցէ՛ք ձեր խոստումը եւ շինեցէ՛ք եկեղեցին: Սան Փաուլոյի գաղութն էլ  թող եկեղեցու կողքին դպրոց շինէ: Դպրոցն էլ նոյնքան անհրաժեշտ է, որքան եկեղեցին:

– Լա՛ւ ես ասում, բայց այս մարդիկ ազգի համար շէնք  շինող չեն,- պատասխանեց նա: Սակայն ինձ թուաց, թէ կարծես մի բան շարժուել էր նրա հոգում»:

Ա. հատորի վերեւ մեր յիշած ենթավերնագրին տակ Ս. Վրացեանի մինչեւ Սան Փաուլոյէն մեկնումը Ռըզքալլայի եւ այլոց  հետ ունեցած հանդիպումներուն եւ մնացեալ իրադարձութիւններուն ծանօթանալու վայելքը կը ձգեմ հատորը ընթերցել փափաքողներուն:

Փակելով «Կեանքի ուղիներով» երկի Ա. հատորը, մտովի կը վերադառնամ Հալէպ, ուր Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ արտաքին դարպասէն ներս մտնելով` սալայատակ, լայնանիստ սանդղակներով կամարակապ անցքէն բակ առաջնորդուողի տեսադաշտին բացուող առաջին պատկերը կ՛ըլլայ եկեղեցւոյ  զանգակատան վեհ աշտարակը, որուն ընդելուզուած է բարերարի անդրին`

«Կառուցաւ  զանգակատունս նուիրատուութեամբ բարերար ՏԻԱՐ ՌԸԶՔԱԼԼԱ ՃՈՐՃ ԹԱՀԱՆԵԱՆԻ. 1912» երկլեզու արձանագրութեամբ:

Զանգակատան աշտարակի շինարարական լուծումներն ու  զարդաքանդակները  այնպէս մը ներդաշնակուած են, որ  աշտարակը բարերարի բարձրադիր  անդրիի պատուանդանը ըլլայ կարծէք:

Պատմութենէն կ՛իմանանք, որ զանգակատան աշտարակը ամբողջացուած է կաթողիկէ գմբէթով, 1929-ին:

Պատմական իրադարձութիւններու եւ նշուած թուականներու համաձայն, կարելի է եզրակացնել, որ բարերար Ռըզքալլա Թահհան Սասունէն Հալէպ եկած ըլլալու էր 1893-էն առաջ եւ Պրազիլ տեղափոխուած` 1893-ին: