
Սիրով եւ Նախանձախնդրութեամբ Շարունակեցէք Աստուածահաճոյ Ձեր Առաքելութիւնը՝ Ի Շահ Մեր Սիրելի Զաւակներուն եւ Ի Բարօրութիւն Մեր Ազգի ու Պետութեան․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Օգոստոս 31-ին, 2023-2024 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայեանէ վանքին մէջ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ կրթութեան մշակներու օրհնութեան կարգը:
Արարողութեան ներկայ էին կրթական կառոյցներու եւ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երու տնօրէններ, մարզային կրթութեան վարչութիւններու ղեկավարներ, հանրակրթական դպրոցներու տնօրէններ եւ մանկավարժներ:
Oրհնութեան կարգի աւարտին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր հայրապետական օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց կրթութեան ոլորտի երախտաւորներուն:
Այնուհետեւ, ի պատիւ հրաւիրեալներուն, տեղի ունեցաւ ընդունելութիւն:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ
ԿՐԹՈՒԹԵԱՆ ՄՇԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆԸ
Սիրելի մանկավարժներ,
Կրթադաստիարակչական առաքելութեան պատասխանատուներ,
Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերում ամէնքիդ ուսումնական նոր տարուայ մեկնարկի առիթով։ Այսօր Սուրբ Էջմիածնում ուխտի վերանորոգութեան օր է ձեզ համար՝ զօրանալու հաւատքով եւ նուիրեալ ձեր աշխատանքով Սահակ-Մեսրոպեան ոգով կրթելու մեր ազգի զաւակներին ու նպաստելու հայոց պետականութեան ամրապնդմանն ու ազգային մեր կեանքի բարգաւաճմանը։
Դարերի ընթացքում մտքի եւ հոգու լուսաւորութիւնը մշտապէս եղել է եւ է Հայոց Եկեղեցու հոգեփրկչական ու ազգապահպան առաքելութեան անբաժանելի մասը։ Մեր երանաշնորհ հայրերը հոգեմտաւոր մեր հարուստ ժառանգութեամբ ուսուցանել եւ իմացութեան ու գիտելիքի լոյսն են փոխանցել նոր սերնդին՝ հայորդեաց սրտերում ամրապնդելով սէրը եւ նախանձախնդրութիւնը հայրենիքի եւ մեր սրբազան արժէքների հանդէպ։ «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտութիւնից»,- զգուշացնում է Սուրբ Եղիշէ վարդապետը Աւարայրի ճակատամարտը նկարագրող իր մատեանում։ Այս համոզումով ու գիտակցութեամբ են առաջնորդուել կրթութեան գործին լծուած ազգիս նուիրեալ մշակները՝ մերժելով խաւարն ու ջատագովելով մտքի լուսաւորութիւնը եւ առաջնային նկատել հոգեւոր-ազգային նկարագրով մարդու ձեւաւորումը։ Այս առաքելութեան առաջամարտիկները աստուածասէր ու հայրենանուէր Սուրբ Թարգմանիչ վարդապետներն էին, միջնադարեան մեր համալսարանների ու վարդապետարանների րաբունապետներն ու կրթական օճախներում ուսանած լուսամիտ սերունդները։
Արձանագրած նշանակալի ձեռքբերումներով նրանք առաջատար էին ժամանակի գիտութեան ու կրթութեան ոլորտներում։ Հայոց վարդապետներն անձնուրաց գործունէութեամբ ամբողջանուէր ծառայում էին ազգին ու մեր Սուրբ Եկեղեցուն՝ կրթութիւնը միջոց համարելով աստուածասէր ու հայրենանուէր ոգի ու նկարագիր կերտելու եւ ազգային ինքնութիւնը պահպանելու համար։ Այսօր ալ Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական սրբազան առաքելութեան տեսլականը նոյնն է։ Սակայն նկատելի է, որ մեր երկրի կրթական անդաստանում որոշապէս տկարացել է ազգային արժեհամակարգով նոր սերունդներին կրթելու անհրաժեշտութեան գիտակցութիւնը։ Ներդրուող կրթական նոր չափորոշիչներով նուազեցւում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցութեան ու հոգեկերտուածքի կարեւորութիւնը, ինչը խոցելի է դարձնում մեր զաւակներին համաշխարհայնացման գործընթացներում:
Յիրաւի, դժուարին ժամանակներ ենք ապրում. դարերի բովում հղկուած եւ մեր ազգի կեանքում արմատացած արժէքները մեր օրերում աղաւաղւում են, եւ փոխարէնը անցողիկ եւ վնասակար գաղափարախօսութիւններ, երեւոյթներ ու դրսեւորումներ են ներմուծւում հասարակական կեանքից ներս՝ ստեղծելով նաեւ հոգեբարոյական ճգնաժամ։ Նոր տեխնոլոգիաների սրընթաց զարգացմամբ, ինչպէս եւ մարտահրաւէրներով ու փորձութիւններով յատկանշուող ժամանակակից աշխարհում կենսականօրէն կարեւոր է ազգային ինքնութեան ձեւաւորմանը եւ պահպանմանը միտուած մրցունակ կրթութեան ապահովումը՝ յատկապէս կրթական ծրագրում ընդգրկուած առարկաների շարքում հայրենագիտական առարկաների պատշաճ դասաւանդումն ու մշտամնայ արժէքների փոխանցումը մեր զաւակներին։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ կրթական նոր համակարգում կառավարութեան եւ կրթական ոլորտի պատասխանատուների որոշմամբ այլեւս չի լինելու ժամանակի քննութիւնը յաղթահարած, աշակերտների եւ նրանց ծնողների կողմից սիրուած, ազգային նկարագիրը, ոգին ամրացնող ու արժեհամակարգ սերմանող «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկան։ Այն նորանկախ մեր պետութեան կրթական ասպարէզի կարեւոր ձեռքբերումներից էր, որի աւանդման գործում եւս Եկեղեցի-պետութիւն գործակցութիւնն արդիւնաւորուել է հայրենաշահ եւ հոգեշահ տարբեր ձեռնարկներով։
.jpg)
.jpg)
Կրթութեան սիրելի մշակներ, այսօր ձեզ է վստահուած մեր սերունդների կրթութիւնն ու դաստիարակութիւնը, նրանց մնայուն արժէքներ փոխանցելը եւ հայկական դիմագիծ ու դրոշմ ունեցող ազգի զաւակներ կերտելը։ Երբեք չվհատուէք եւ չընկճուէք փորձութիւններով ու մարտահրաւէրներով լի այս դժուարին ժամանակաշրջանում։ Ձեր գործը քաղցր է, ձեր ճանապարհը՝ թէեւ դժուարին, բայց պատուաբեր, նշանակալի ու երախտարժան։ Ձեր աչքի առաջ ունենալով Սահակ-Մեսրոպեան փաղանգին, երանաշնորհ վարդապետներին ու կրթութեան բազում նուիրեալների՝ առաւել սիրով եւ նախանձախնդրութեամբ շարունակէք աստուածահաճոյ ձեր առաքելութիւնը՝ ի շահ մեր սիրելի զաւակների եւ ի բարօրութիւն մեր ազգի ու պետութեան։
Հիշարժան այս օրը կրկին հայրական Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ ձեր գովարժան ծառայության համար՝ մաղթելով աննկուն կամք, նոր իրագործումներ։ Թող ձեր ցանած բարի հունդերը առատ պտուղներ և արդյունք տան՝ հանուն մեր կյանքի առաջընթացի և մեր նոր սերնդի լուսավոր ապագայի։
Աղոթում ենք, որ Ամենակարող Աստված անսասան պահի Հայոց աշխարհը և լուսավորչահիմն մեր Սուրբ Եկեղեցին և Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի ու շնորհազարդի աշակերտ և ուսանող մեր զավակներին, զորակից լինի իմացութուն ու գիտելիք մատռվակող կրթության մշակներիդ՝ պարգևելով մշտանորոգ հաջողություններ։
Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի։
.jpg)