Յանուն Արդարութեան ու Պետական Անսասանութեան… Դերենիկ Մելիքեան

Յօդուածներ – Զրոյցներ

Երկրում հասարակա-քաղաքական վերջին 10-օրեայ  իրադարձութիւնները, պայմանաւորուած այսպէս ասած՝ ցանցային հաղորդակցութիւններով, լայն տարածում են գտել:

Երիտասարդ 22-ամեայ Մահսա Ամինիի ողբերգական մահ․ւան պատճառ-հետեւանքային հանգամանքները, ինչպէսլեւ սպասելի էր, տարատեսակ զգայնութիւնների տեղիք են տուել ինչպէս ներքին, այնպէս էլ՝ արտաքին հասարակական ու ինչու ոչ քաղաքական հարթակներում: Եւ տուեալ դէպքում էլ անխուսափելի են դառնում մտքերի, մօտեցումների, կարծիքների ու այդ ամէնի կոնտեքստում՝ շահերի, հետեւաբար եւ՝ չարաշահումների բախումն ու դրանք միմեանցից զանազանելու բարդ եւ յաճախ ապակողմնորոշող իրավիճակները:

Վերոնշեալ տխուր իրադարձութեան հէնց սկզբից միջամուխ՝  ժողովրդական-հասարակական, թէ՛ պետական-իշխանական կառոյցներն ու միաւորները բնականաբար հանդէս են եկել սեփական գնահատականներով ու յայտարարութիւններով: Իսկ դրա արդիւնքում էլ, ուզենք թէ չուզենք, ձեւաւորւում ու առաջանում են այսպէս ասած՝ ցուցարար-բողոքաւորների (ծայրայեղ դէպքում՝ «անկարգութիւններ հրահրողների») եւ տուեալ բողոքներին վերահասու մարմինների եւ պատասխանատուների միջեւ նոյնիսկ մտքերի ու մօտեցումների ու տեղ-տեղ էլ գործողութիւնների կոշտ ու անհաշտ բախումներ…

Երեւի ճիշտ էլ չի լինի երկրում վերջին օրերի իրադարձութիւնները համարել հերթականը, քանզի դրանց տոն տուող գործօնները (լինեն դրանք տնտեսական, հասարակական թէ ազգային-մշակութային կամ՝ քաղաքական), առաջանում են օրինաչափօրէն տարբեր երկրների տարբեր հասարակութիւններում… զորօրինակ՝ Ֆրանսիայի «դեղին բաճկոնաւորների» մէկամեայ բողոքի ցոյցներն ու պահանջատիրութիւնը:

Իրանում եւս բարեբախտաբար, արդէն նշմարելի է խռովութիւններին ու արդարացի բողոքներին բարւոք լուծում գտնելու կամքի դրսեւորումը: Սկզբից անմիջապէս միջամուխ է դարձել դատական-իրաւական իշխանութիւնը, իսկ այժմ էլ՝ հոգեւոր-կրօնական հեղինակութիւններն են իրենց յորդոր-յայտարարութիւններով ուղղորդում պատասխանատուներին, ինչպէս եւ բողոքաւորներին, որպէսզի չխաթարուեն արդար ու անաչառ ելքերն ու լուծումները:

Տա Աստուած, որ նմանօրինակ փոխհասկացութեան ու փոխըմբռնման մթնոլորտում էլ վերականգնուի թէ՛ արդարութիւնը, եւ թէ՛ յատկապէս բացառուեն արտաքին այնպիսի միջամտութիւններն ու չարաշահումները, որոնք կը վտանգեն ու հարցականի տակ կը դնեն իրանական երկրի պետական անսասանութիւնն ու կայունութիւնը:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ

ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ