Չաւուշօղլուն Հայաստանի Վարչապետի Պաշտպա՞ն… Դերենիկ Մելիքեան
Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած, անպատիժ մնացած ու Մեծ Եղեռնը ժխտող թուրք բորենիների ժառանգութիւնն ամենայն «սրբութեամբ» պահպանող ու փառաբանող մերօրեայ Թուրքիայի դիւանագիտութեան թիւ-1 լարախաղաց Չաւուշօղլուն կրկին դատապարտում է Սփիւռքահայերին ու Հայաստանի ընդդիմադիրներին։
Միաժամանակ զառանցում է, թէ իբր հայկական այդ երկու հատւածները խանգարում են հայ-թուրքական հաշտութեանն ու յարաբերութիւնների կարգաւորմանը։
Նա բացէիբաց յայտարարում է, թե ընդդիմադիրները Երեւանում յարձակւում են երկրի վարչապետի տան վրայ։ Աւելացնում է նաեւ, թէ որոշ շրջանակներ, ճնշելով ՀՀ իշխանութիւններին, խանգարում են տարածաշրջանում խաղաղութեան հասնելու Թուրքիա-Հայաստան-Ազրպէյճան ծրագրին։
Հասել ենք այնտեղ, որ թուրք նախարարը արդէն լկտիացել է այնքան, որ իրեն թոյլ է տալիս ոչ միայն անամօթաբար միջամտել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, այլեւ համարձակւում է յորդորել իշխանութեանը, որ խանգարողներին պէտք է սաստել, որպէսզի «ցանկալի հաշտութիւնը» ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ազրպէյճանի հետ իրականութիւն դառնայ։
Հերթական յորդորներին էլ ինչ խօսք՝ զուգորդւում են անցնող երկու տարում, այսինքն Արցախեան յետպատերազմական շրջանում թուրքական նոյն թէզերը, ըստ որոնց՝ Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած յարաբերութեան հարցում համադրւած քայլ է պահում Ազրպէյճանի հետ, բոլորովին էլ չմոռանալով շեշտել «Զանգեզուրի միջանցք»-ի ապաշրջափակման հարցը՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից…
Թուրքիայի պատերազմատենչութիւնն ու հարեւանների հետ ոչ-խաղաղ գոյակցութեան փաստերը այնքան են ակներեւ, որ հիմնաւորելու կարիք իսկ չունենք։ Բաւական է յիշել թուրք-սիրիական ու թուրք-կիպրայունական յարաբերութիւնները, 10-ամեակներ շարունակ քուրդ ազգաբնակչութեանը ճնշել-կոտորելը…
Զարմանալին, սակայն, այդ փաստերին անտես ձեւացող Հայաստանի իշխանաւորների կողմից հակառակը պնդելու հետեւողականութիւնն է, որով էլ ջանադրաբար փորձում են արդարանալ ինչպէս հայաստանեան, այնպէս էլ սփիւռքեան հասարակայնութիւնների մօտ…
Այսօր հայաշխարհը կանգնած է ազգային ու պետական ճգնաժամի բարդագոյն վիճակի առջեւ, որի առաջին պատասխանատուն նոյնինքն իշխանաւորներն են։
Այսպէս թէ այնպէս ընդունելով պատասխանատւութիւնը՝ իշխանաւորները, սակայն, մեղքի բաժինը ոչ թէ իրենց այլ ուրիշների վրայ են բարդում (նախկիններ, «դասալիք զինւորականներ», ընդդիմութիւն ու …)։
Կը յաջողե՞ն արդարանալ իշխանաւորները, ցոյց կը տայ ժամանակը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարկաբեկւող դիմադրական շարժման հոսանքներն ու դեռեւս սպասողական վիճակում գտնւող լուռ հասարակայնութիւնը։ Սա, անշուշտ, ապագայի հաշւին կարող է յուսալի հեռանկար ուրւագծել։
Յուսալքողն ու մինչեւ իսկ բարոյալքողը, ցեղասպանների ժառանգորդի յորդորներին ենթարկւելն ու իշխանական երերուն աթոռը ամէն գնով պահելու մարմաջն է…
