
Այսօր Կարծես Թէ Թաւշեայ, Ոչ Բռնի Յեղափոխութեան Տարելիցն էր. Լիլիթ Գալստեան
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեան իր ֆէյսպուքեան էջին վրայ կը գրէ.
«Շատի ՍՆԱՆԿՈՒԹԻՒՆԸ կամ` երբ հատուած են կարմիր գծերը Հայաստանում քաղաքական մտքի, քաղաքական վարքագծի եւ քաղաքական մշակոյթի դեգրադացիան/այլասերումը/ արդէն հատել է անդառնալիութեան կէտը, հատուած են հնարաւոր բոլոր կարմիր գծերը:
«Նոր Հայաստան»ի քաղաքական ճարտարապետներին չի սթափեցնում ոչինչ` ո՜չ տեսախցիկները, ո՜չ կանանց ներկայութիւնը, ո՜չ սեփական վարչապետի ու կառավարութեան անդամների ներկայութիւնը, ո՜չ ընտրողների ու ժողովրդի աչքերի մէջ նայելու հեռանկարը, ոչ էլ` մեր երկրի միջազգային հեղինակութիւնն ու վարկը:
Սուտը, երեսպաշտութիւնը, հայհոյանքն ու բիրտութիւնը նրանց զինանոցի հիմնական զէնքերն են: Սեփական ժողովրդի մէջ թշնամիների ու վհուկների որոնումը շատերին հոգեխանգարմունքի է հասցրել: Համավարակի այս ծանր ու քաոտիկ օրերին, երբ երկիրն յայտնուել է վատ ցուցանիշներ ապահովող երկրների շարքում, ինքնին քայքայիչ այս անորոշ հեռանկարն իբրեւ թէ բաւական չէ, դեռ ամէն օր ապրում ենք զգացումով, թէ մեր տներ մարդիկ են մտել, օտարներ, որոնք կապ չունեն ո՜չ մեր անցեալի, ոչ` էլ ապագայի հետ…
Բայց նրանք իրենց ընտրողի հետ հնարարաւորինս անկեղծ են. երէկ` Արցախի հիմնախնդրի համատեքստում վարչապետը բառիս բուն իմաստով այդ նոյն ամբիոնից յայտարարեց` որ որեւէ մէկն իրենց հարց տալու համարձակութեան իրաւունք չունի. քուէ են ստացել ու վերջ:
«Շատ ենք ու վերջ» բոլշեւիկեան վարքագիծը համատարած է, ամէնուր` կառավարման բոլոր մակարդակներում, առաջին իսկ օրից…մերժելով անցեալը` սակայն որդեգրելով ու վերտուոզ կատարելութեան հասցնելով անցեալի ամենաայլանդակ դրսեւորումները…
Ձեր տգէտի յամառութիւնն ու խլութիւնը հիւծել է երկիրը, նրա քաղաքացուն…միթէ՞ դուք նաեւ չէք տեսնում կամ` չէ՞ք ուզում տեսնել…
Ի հարկէ, անիմաստ է իշխող քաղաքական ուժի գեներացրած «քաղաքական» ողջ համատեքստում քաղաքագիտական կատեգորէաներով խօսելը: Նրանք ո՜չ քաղաքական յիշողութիւն ունեն, ոչ փո՜րձ, ո՜չ պատասխանատուութիւն, ո՜չ ինստիտուցիոնալ բարոյականութիւն…իզուր չէ, որ այս օրերին շատերը` երկրի ներկայի ողջ սնանկութիւնն ու տապալումը վերջին նեարդով ընկալող մարդիկ, յուսահատուած արձանագրում են` Կարթագենը պիտի կործանուի…
Բոլորովին պատահական չէր, որ այսօրուայ միջադէպը տեղի ունեցաւ ԱԺ-ում, ՀՀ վարչապետի ներկայութեամբ, երբ քննւում էր Կառավարութեան ծրագրի կատարման ընթացքն ու արդիւնքների մասին տարեկան զեկոյցը:
Այո, բոլորովին պատահական չէր… Կառավարութեան ծարգիրը, որը սեւով սպիտակի վրայ` իբրեւ կառավարութեան խնդիր, արձանագրել էր իր քաղաքացիներին երջանիկ դարձնելը, բառիս բուն իմաստով այդ ծրագիրն իրականացնող քաղաքական ուժը մղձաւանջ է դարձրել մեր իրականութիւնը, երկիրը թաղել ատելութեան, վրէժխնդրութիւնների ու սամասուդի ոստայնում:
Մեծ հաշուով ոչ մի պատահական բան չի կատարւում, երբ օրէնքի փոխարէն իբրեւ վարքագիծ ու փիլիսոփայութիւն որդեգրւում է քստմնելի դուխովը, դատական համակարգի փոխարէն սամասուդը, ասֆալտին փռելը կամ պատին ծփելը, այլ բան սպասելը պարզապէս միամտութիւն է: Սա պետականութեան կորստի ճանապարհն է…
Իսկ այսօր Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձն էր: Դուք դառնացրիք մեր յաղթանակը, յաղթանակ, որ վերականգնեց մեր հաւաքական երազանքներն ու քաղաքական արժանապատուութիւնը, յաղթանակ, որ Հայոց անկախ պետականութեան ճանապարհի կարեւոր հիմքերից մէկն էր:
բայց դուք ի՞նչ կապ ունէք այդ ամէնի հետ…
Հ.Գ Այսօր կարծես թէ թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան տարելիցն էր…