
Հեծանիւ Յայտնագործելու Այս Անուրախ Ընթացքը
Լիլիթ Գալստեան
Անկեղծ, շատ անկեղծ եմ ասում․ ամէն Աստծոյ օր համակարգչին` լրահոսին եմ մօտենում մի ներքին տագնապով․ տեսնես այսօր ի՞նչ «նուէր» է սպասւում մեզ վերեւներից: Դէ, Մշակոյթի նախարարութիւնից «ուրախ» լուրերի պակաս չկայ: Եթէ տխուր չլինէր, արժէր մի փոքր զուարթանալ այս անուրախ կեանքում․․․
Բայց, շատ-շատերի պէս, ես էլ հայրենիքիս տագնապների վրայ ուրախացողը չեմ, իսկ հեծանիւ յայտնագործողների այս ընթացքն ու վարքագիծն արդէն բոլորովին զուարճալի չէ, հիասթափեցնող է, անգամ վարդագոյն ակնոց դնելու ներքին հրահանգս չի աշխատում, ու չեմ կարող չընդվզել:
Տղաներ եւ աղջիկներ, լրջացէք․ մի արժէզրկէք ձեր խօսքի արժէքը, թէեւ այն արժէզրկելու իրաւունքը ձերն է: Բայց, այ մեր պետական ինստիտուտներն, ուր յայտնուել էք, արժէզրկելու իրաւունք միթէ՞ ունէք:
Միթէ՞ ինքնաիրաւչութիւն չէ, երբ քաղաքական մեծամասնութեան ղեկավարն յայտարարում է, որ օրակարգում ՀՀ Օրհներգի փոփոխութեան հարց չկայ, ու մէկ էլ նոյն խմբակցութիւնից մի պատգամաւոր անհատական նախաձեռնութեամբ օրհներգի տեքստի մրցոյթ է նախաձեռնում ու մրցութային անձնական աշխատանքային խումբ ձեւաւորում: Այսպիսի լիազօրութիւններ որտե՞ղ են ամրագրուած, ո՞վ է հաստատել այդ աշխատանքային խումբը եւ նրան օժտել այդպիսի լիազօրութիւններով: Ու այստեղ սկսւում է զուարճալին ու զաւեշտականը․ հին օրերի ներկայացուցչական կաղապարով յղացած այդ աշխատանքային խմբում ընդգրկուած արհեստավարժներն իրենց հարց տուե՞լ են` ու՞մ անունից են հանդէս գալիս․ արդեօք գրողների միութիւնը, կոմպոզիտորների միութիւնը կամ Մայր Աթոռը նրանց լիազօրե՞լ են իրենց հաստատութիւնների անունից հանդէս գալ:
Տղաներ եւ աղջիկներ, պետական խորհրդանշանները պաշտպանուած են ՀՀ օրէնքով, այդ խորհրդանշանների թիկունքում հայ ժողովրդի դարերի պատմութիւնը, իղձն ու ուղերձը կայ, անլրջութեան դաշտում դրանք արժէզրկելու եւ անարգելու իրաւունք չունէք, օրէնքով չունէք /Քր․ օրէնսգիրք․ 331 յօդուած/:
Գուցէ անսաք վարչապետի յորդորին` <<հանգիստ նստէք տեղներդ>> ու գործ անէք: