
Նախագահի Կին Ըլլալը Հաճելի է, Բայց Պատասխանատու. Նունէ Սարգսեան
Ինչպէ՞ս ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի կինը որոշեց դառնալ հեքիաթագիր, ի՞նչ պարտականութիւններ ունի նախագահի կինը, եւ ո՞վ է ընտրում նրա հագուստը։ Նունէ Սարգսեանն այս հարցերին պատասխանել է Sputnik Արմէնիա նոր` «Լէդի Sputnik» նախագծի շրջանակում
Զրուցեց Նանա Մարտիրոսեանը։
– Դուք յայտնի մանկագիր էք ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։ Ինչպէ՞ս հասկացաք, որ հէնց դրանով էք ուզում զբաղուել։
– Շնորհակալ եմ ձեր գնահատականի համար:
Հեքիաթը հարուստ գրական ժանր է, որ գոյութիւն է ունեցել հնուց մինչեւ այսօր։ Միշտ եղել են ու կան հեքիաթներ նաեւ մեծերի համար, ինչպէս օրինակ «Հազար ու մի գիշերները» կամ ժամանակակից Ջորջ Մարթինի «Գահերի խաղը», որը վերածուել է բազմասերիանոց սիրուած ֆիլմաշարքի, եւ կան հեքիաթներ փոքրիկների համար։ Մանկական ամէն հեքիաթ բարոյախօսութիւն եւ խրատ է պարունակում։
Հեքիաթները դասագիրք են երեխայի յետագայ կեանքի դպրոցի համար։ Եւ որքան վաղ տարիքում երեխան ընկալի լաւի ու բարու արժէքները, այնքան յետագայում հասարակութիւնը կը շահի։ Դա է պատճառը, որ ես ու շատ ուրիշ մանկագիրներ գնահատում ենք հեքիաթի դերը երեխաների համար` այսօրուայ գերզբաղուած եւ էլեկտրոնային տեղեկատուութեամբ ծանրաբեռնուած կեանքում։
Իսկ թէ ինչու եւ ինչպէս ես սկսեցի գրել հեքիաթներ, ուրիշ պատմութիւն է։ Եւ դա կապուած չէ իմ երեխաների կամ թոռնիկների ծնուելու կամ նրանց գոյութեան հետ։ Մասնագիտութեամբ ես արուեստաբան եմ եւ երկար ժամանակ զբաղուել եմ արուեստով՝ ցուցահանդէսներ եւ դասական երաժշտութեան համերգներ կազմակերպելով, ակնարկներ եւ յօդուածներ գրելով՝ հայալեզու արտասահմանեան ու տեղական մամուլի ու ռադիոյի համար։
Երբեք չէի նախատեսում գրող կամ մանկագիր դառնալ, եթէ չլինէր ամուսինս, ով ինձ միշտ քաջալերում էր ստեղծագործել։
– Հեքիաթների մէջ ի՞նչն է հրապուրում ձեզ։
– Երբեք չեմ ծրագրում հեքիաթի ընթացքը։ Ուղղակի մտնում եմ գրուածքի մէջ, դառնում անտեսանելի մասնակից եւ սկսում զարգացնել թեման։ Դա ինձ համար շատ հետաքրքրական գործողութիւն է, որովհետեւ դառնում եմ իմ իսկ պատմութեան դիրիժորն ու մասնակիցը։ Երբեմն թողնում եմ, որ պատմութիւնն ինքն իրեն ստեղծուի ու զարգանայ եւ կարծես հեռուից դիտում եմ հետաքրքրութեամբ, թէ ինչ կը լինի յաջորդ պահին։ Երբեմն խճճւում եմ ստեղծած իրավիճակների մէջ եւ անհամբեր սպասում եմ, թէ ինչպէս պէտք է վերջանայ հեքիաթը։ Ահա թէ ինչն է ինձ հրապուրում հեքիաթ ստեղծելու մէջ։
– Սաւաննան ձեր առաջի՞ն համահեղինակն է։
– Այո՛, առաջին անգամ է, որ համահեղինակ ունեմ, եւ դա իմ թոռնիկ Սաւաննան է։ Նա վառ երեւակայութիւն ունի եւ նկարելու ու յօրինելու տաղանդ։ Կապոյտ գետաձիու եւ վարդագոյն մկնիկի արկածները կը լինի նրա առաջին գիրքը, որը շուտով լոյս կը տեսնի Սաւաննայի անուշիկ նկարազարդումներով։ Նա լրջօրէն մտել է գրքի հրատարակման գործի մէջ։ Ես հէնց դա էի ուզում, որ երեխան տեսնի, թէ ինչպէս են ստեղծւում գրքերը։
– Իսկ ձեր եւ պարոն նախագահի սիրոյ պատմութիւնը չէք պատրաստւո՞ւմ գրի առնել։
– Իմ կարծիքով, մեր սիրոյ պատմութիւնը պատկանում է մեզ եւ մեր ընտանիքին ու հրապարակելը սխալ կը լինի։ Իրականում դա պարզ մարդկային պատմութիւն է մեր սիրոյ եւ ընկերութեան մասին, որը սկսուեց Երեւանի դպրոցներից մէկում եւ շարունակւում է մինչեւ հիմա։ Ես հաւատացած եմ, որ երկու անձանց սէրն առանց ընկերութեան ու վստահութեան երկար չի տեւում։ Ուրախ եմ, որ մեր երկու որդիները վկայ եղան, թէ ինչպէս ենք մենք միշտ փորձել «ամուսնութիւն» կոչուող ինստիտուտը հաստատուն պահել։ Յուսով եմ, որ իրենք էլ իրենց ընտանիքներն այդպէս կը պահեն։
– Դժուա՞ր է նախագահի կին լինել։
– Բոլորովին դժուար չէ, ընդհակառակը՝ հաճելի է, պատասխանատու եւ կարեւոր, սակայն դժուար չէ։
Իմ կեանքում մեծ փոփոխութիւն տեղի չի ունեցել Արմէնի նախագահ դառնալով։ Նա ֆիզիկոս էր, երբ ամուսնացանք, յետոյ՝ դիւանագէտ, վարչապետ, գործարար, իսկ հիմա՝ հանրապետութեան նախագահ։ Նա չի փոխուել, եւ ես էլ նոյնն եմ, նոյն Նունէն՝ Արմէն Սարգսեանի կինը, Վարդանի եւ Հայկի մայրը, Սաւաննայի, Արմէնի եւ Գաբրիէլի տատիկը։ Ունեմ բազմաթիւ ընկերների եւ ծանօթների շրջանակ, զբաղմունքների երկար ցանկ։ Ինչպէս Արմէնը, ես նոյնպէս սիրում եմ թատրոն, արուեստ, երաժշտութիւն եւ սպորտ։ Սիրում եմ եփել ու թխել, սիրում եմ բոյսեր, ծաղիկներ ու կենդանիներ։ Մեր կեանքի տարբեր՝ դժուար ու հեշտ էտապներում այս ամէնը նոյնն է եղել։ Ես մնացել եմ նոյնը՝ թէ՛ որպէս ֆիզիկայի դասախօսի կին, թէ՛ որպէս Հայաստանի նախագահի կին։
Յուսով եմ` կը կարողանամ օգնել ինչով կարող եմ. Նունէ Սարգսեանը «Բարի տնակ» է այցելել։
– Շարունակո՞ւմ էք նախաճաշ պատրաստել նրա համար։
– Շատ սիրով պատրաստում եմ։ Եւ ոչ միայն նախաճաշ։ Չէք նկատե՞լ, որ տհաճութեամբ եփուած կերակուրները երբեք համով չեն լինում։ Կիրակնօրեայ ընտանեկան նախաճաշը հաճելի աւանդոյթ է մեր ընտանիքում։ Լօլիկով ձուածեղը համար մէկ ընտրութիւնն է կիրակնօրեայ նախաճաշին, որն աւելի տօնական է դառնում, երբ մեզ միանում են թոռնիկները։
– Ի՞նչ կը ցանկանայիք խորհուրդ տալ աւելի անփորձ ու քաղաքական ընտանիքներին։
Քաղաքական, թէ ոչ քաղաքական բոլոր զոյգերին իմ համեստ խորհուրդն է` իրար սիրելուց բացի, իրար յարգել, որից յարաբերութիւնը կը շահի, նաեւ՝ որպէսզի ժամանակ տրամադրեն իրար հետ զրուցելու եւ իրար լսելու։ Թէ՛ ամուսինները եւ թէ՛ կանայք կարիք ունեն, որ իրենց լսեն։ Դա չի կարելի արհամարհել։
Աւանդօրէն, մեր հայկական կենցաղում, ուժեղ տղամարդը ընտանիքի ղեկավարն է։ Բայց հայ կինը տոկուն է եւ խելօք։ Սա հիանալի հաւասարակշռութիւն է ստեղծում հայկական ընտանիքներում։
– Տանը զրուցո՞ւմ էք քաղաքականութեան մասին։
–Երբեք տանը չենք խօսում գործի մասին։ Տանը ես ձգտում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ նա կարող է շեղուել աշխատանքային մտածմունքներից` յաջորդ օրն աւելի թարմ ուժերով սկսելու համար։
– Երբ յեղափոխութեան օրերին նախագահը եկաւ հրապարակ, դուք տեղեա՞կ էիք։ Ի՞նչ ապրումներ ունեցաք։
Այդ օրը աղմուկ էր քաղաքում, տանը մենակ էի ու գրասեղանիս մօտ նստած ուղիղ միացումն էի դիտում։ Չորս կողմից լսւում էր թմբուկների ձայնը, մեքենաների ազդանշանները, մթնոլորտը լարուած էր։ Եւ ես մտահոգուած էի, թէ ինչ է լինելու հիմա։ Յանկարծ համակարգչի էկրանի վրայ տեսայ, որ հրապարակ մտաւ ամուսինս։ Առաջին ռէակցիան, որ ունեցայ, սրտի տրոփն էր։ Բայց վայրկեաններ անց այդ ամէնն անցաւ, քանի որ անմիջապէս գիտակցեցի, որ նա գիտի` ինչ է անում եւ անում է ճիշտ քայլը։
– Դուք էլեգանտութեան խորհրդանիշ էք դարձել Հայաստանում։ Ինքնուրո՞յն էք ընտրում զգեստները, թէ՞ մասնագէտներն են օգնում։
– Շնորհակալ եմ կարծիքի համար։
Ինձ համար առաջին հերթին եւ ամենակարեւորը հագուստների յարմարութիւնն է, ապա ճաշակը, գեղեցկութիւնը, նորաձեւութիւնը։ Հագուստը պէտք է մերուի քեզ հետ։ Երբ փոքր էի, ծնողներս ինձ խորհուրդ էին տալիս նոր հագուստն ու նոր կօշիկները մի քանի օր օգտագործել տանը՝ մինչեւ դուրս գալը։ Հիմա ի հարկէ հասկանում եմ դրա իմաստը՝ հագուստը կրելիս բնական պահուածքի եւ բնական կեցուածքի համար էր դա։ Այս դասը կրել եմ ողջ կեանքում։
Երբեք օգնող չեմ ունեցել արտաքին տեսքս յարդարելու համար եւ հիմա էլ չունեմ։ Ամէն ինչ ընտրում եւ անում եմ ինքս։
– Ունէ՞ք սիրելի աքսեսուար։
– Սիրում եմ ականջօղեր, որովհետեւ չեն խանգարում, չեմ նկատում, որ ինձ վրայ են։ Դնում եմ եւ մոռանում։
– Դուք նաեւ շատ կարեւոր նախաձեռնութիւն էք իրականացնում ՝ «Երեւան, իմ սէր» նախագիծը։ Ո՞ւմ գաղափարն էր, եւ այժմ շարունակու՞մ էք ձեր գործունէութիւնը։
– Աշխարհի բազմաթիւ երկրներում նախագահների կանայք զբաղւում են բարեգործութեամբ։ Ես եւս ժամանակ ու ջանք չեմ խնայում եւ չեմ խնայելու աջակցելու բարեգործական հիմնարկներին։ Սակայն «Երեւան, իմ սէրը» ստեղծուել է դեռեւս 2010 թուականին Արմէնի ջանքերով, երբ նա ազատ գործարար էր ու աշխատում էր մեծ միջազգային ընկերութիւնների հետ Մեծ Բրիտանիայում եւ այլուր։
Այս բարեգործութեան նպատակն է Երեւանի պատմական արժէք ունեցող շէնքերը նորոգել եւ նրանց տալ իրենց նախկին տեսքն ու գեղեցկութիւնը, որից յետոյ այդ հաստատութիւնները յատկացնել տեղի համայնքին կամ կարիքաւորներին, յատկապէս` ծերերին, երեխաներին եւ հաշմանդամներին։ Միշտ աջակցել եմ «Երեւան, իմ սէր»-ի ծրագրերին, քանի որ հաւատում եմ` «Երեւան, իմ սէր»–ը վարում է ճիշտ եւ ուղղորդուած, նպատակասլաց եւ օգտակար գործունէութիւն։ Համեցէք եւ տեսէք ինքներդ, «Երեւան, իմ սէր»–ը սուրբ Սարգիս եկեղեցու մօտ է։
Այժմ «Երեւան, իմ սէր» բարեգործութիւնն իրականացնում է բազմաթիւ նախագծեր, ինչպէս օրինակ՝ պատերազմում հաշմանդամ դարձած զինուոր երիտասարդներին սովորեցնել նոր մասնագիտութիւններ կամ անչափահաս երեխաներին հրաւիրել տարածք՝ նկարչութեան վարպետութիւն սովորելու յայտնի նկարիչ Ռոբերտ Էլիբեկեանից։ Ունենք բազմաթիւ այլ հետաքրքրական ծրագրեր։
Իմիջիայլոց, շուտով նոյն նպատակով կը ստեղծենք կենտրոն նաեւ Գիւմրիում եւ կը կոչուի «Գիւմրի, իմ սէր»։
– Գիւմրին սիրել էք, յաճախ էք այնտեղ լինում…
Շատ հմայիչ քաղաք է։ Գիւմրեցիների նման կոլորիտ ունեցող մարդիկ չեն կարող աննկատ մնալ։ Նրանք ուշադրութեան եւ մարդկային ջերմութեան կարիք ունեն։ Նրանց կեանքը հեշտ չի եղել երկրաշարժից յետոյ, նոյնիսկ ինչ-որ ժամանակահատուած կար, որ նրանք մոռացուել էին։ Արմէնն ու ես սիրում ենք գիւմրեցիներին, նրանք համով-հոտով մարդիկ են, հումորով ու շատ անկեղծ։
– Դուք դարձել էք նաեւ Հայաստանի դեսպանը արտասահմանում։ Մեր մշակոյթը ներկայացնելիս ի՞նչն էք կարեւորում։
Գովաբանում եմ հայաստանցիներին եւ ընդհանրապէս հայերին, քանի որ մենք շատ տաղանդաւոր ազգ ենք, որն ունի ստեղծագործելու բազում հնարաւորութիւններ։
Հպարտ եմ Հայաստանի բնապատկերով։ Երբեմն մեր աչքերը վարժւում են, եւ մենք չենք նկատում, թէ ինչ գեղեցիկ տեսարաններ կան մեր շուրջը։ Հրաւիրում եմ օտարներին այցելել Վանաձոր, Գորիս, Կապան, Դիլիջան, Սեւան ու նաեւ Գիւմրի, որտեղ դեռ պահպանուել է հին քաղաքի մթնոլորտը, այցելել Արցախ՝ վայելելու բնութեան աննման տեսարանները։
Հայաստանի վաղ քրիստոնէական կոթողները միշտ գրաւում են նրանց, ովքեր ծանօթ են մեր տարածքի պատմութեանը եւ սիրում են պատմութիւն ու ճարտարապետութիւն։ Բազմաթիւ հիւրեր հիացմունքով են դիտում մեր եկեղեցիներն ու միջնադարեան վանքերը։
Ի հարկէ, օտարներին, ովքեր ոչինչ չգիտեն մեր մասին, ներկայացնում եմ մեր արուեստն ու երաժշտութիւնը` խօսելով Արամ Խաչատրեանի հանճարեղ ստեղծագործութիւնների մասին եւ այն մասին, թէ ինչու մեր բոլոր նկարիչների գործերում լեցուն արեւ կայ։
Գովաբանում եմ մեր խոհանոցն ու հայկական հիւրասիրութիւնը, մեր ծիրանը՝ Prunus Armeniaca – Armenian plum։ Հրաւիրում եմ մարդկանց Հայաստան յունիս–յուլիս ամիսներին, որպէսզի համտեսեն աշխարհի ամենահամեղ ծիրանը։
Յ.Գ. Մեր զրոյցը նախագահի նստավայրում էր։ Տիկին Սարգսեանն անկեղծ էր ու շատ անկաշկանդ։ Վերջում, երբ խնդրեցինք մի քանի լուսանկար անել պատշգամբում, նկատեցի, որ մեզ բարեւում են դիմացի ապակէ դռնից։ Նախագահն էր` իր համեստ ու զուսպ ժպիտով։ Նա գործնական հանդիպման էր, եւ, ցաւօք, չկարողացանք Արմէն Սարգսեանի հետ էլ զրուցել։
Լուսանկարները՝ armeniasputnik.am-ի