«Մեր Հայրենիք»-ի Բովանդակային Ուղերձով է Կերտուած Հայաստան Պետութիւնը
Լիլիթ Գալստեան
Օրհներգը երաժշտագիտական կամ գեղագիտական քննարկման առարկայ չէ։ Եւ ոչ էլ կարիք կայ Ա․ Խաչատրեան համաշխարհային մեծութեան անունը շահարկել այս համատեքստում։ Օրհներգը պետական խորհրդանիշ է, որի թիկունքում կայ անցլալ, կայ պատմութիւն, ազգային ճակատագիր եւ տեսլական։ «Մեր Հայրենիքի» -ի վերատեսութեան հեղինակներն իմ տպաւորութեամբ պարզապէս չեն պատկերացնում մեր օրհներգի ուղերձը, կամ տարուած անցեալը մերժելու տոտալ մոլուցքով՝ չեն գիտակցում, որ դա ոտնձգութիւն է մեր՝ հայ ժողովրդի հաւաքական իղձերին՝ անկախութեանն ու ազատութեանը։ Քաղաքական կոնտեքստն է խիստ կարեւոր․պէտք չի թաքնուել մելիզմների կամ երաժշտագիտական այլ եզրոյթների հետեւում։ Պարզապէս չի կարելի մերժել անցեալը, մենք գալիս ենք այդ անցեալից, «Մեր Հայրենիքի» բովանդակային ուղերձով է կերտուել Հայաստան պետութիւնը, որի ժառանգորդն ենք, իրաւայաջորդը։ Իսկ այդ ուղերձը սպառուած չէ․ազատութիւնն ու անկախութիւնը պետութիւնների համար յարատեւ ընթացք են։ Գործ արէք, պարոնայք․․․
Միթէ՞ Առաջին հանրապետութիւնը սոսկ դաշնակցականների հանրապետութիւնն է։ Սա անթոյլատրելի, սխալական, նեղմիտ մօտեցում է։ Այոյ, Դաշնակցութիւնը՝ որպէս քաղաքական ուժ կարողացաւ, յաջողեց, խիզախեց իրականացնել ու նիւթականացնել հայ ժողովրդի դարաւոր երազանքը։ Մեր պետականութեան աւելի քան վեց հարիւր դար ընդհատուած երակը նորոգուեց, որովհետեւ Դաշնակցութիւնը կարողացաւ առաջնորդել հայ ժողովրդի ազատագրական պայքարը եւ այն պսակել պետականութեամբ։ Բայց այդ պետութիւնը հայ ժողովրդի պետութիւնն է։ Ու, երբ Սարդարապատում կամ Վանի հերոսամարտում «Մեր Հայրենիքի» ներքոյ ազատութեան եւ անկախութեան, ազգային արժանապատուութեան համար կռիւ էին տալիս, կուսակցական պատկանելութեամբ չէին առաջնորդւում։ Դաշնակցութիւնը իրացրեց հայ ժողովրդի պետականութիւն ունենալու բարձրագոյն իղձը։
Եւ փորձէք Օրհներգին նայել այդ իղձի, երազանքի իրականացման տեսանկիւնից, այդ համատեքեքստում։ Օրհներգն իր ժանրով ձօն է, ուղեձ, խորհուրդ։ Հէնց այնպէս չի այն պետական խորհրդանիշ համարւում։ Այն ինստիտուցիոնալ յիշողութիւն եւ խորհուրդ ունի եւ այդ իմաստով ոչ միայ համապետական է, այլ նախեւառաջ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ։ «Մեր Հայրենիք»-ին եւ ԵՌԱԳՈՅՆ-ին հէնց այս խորհրդով, յիշատակով ու սրբացուած ակնածանքով է մօտենում ՍՓԻՒՌՔԸ՝ Ազատ, Անկախ հայրենիքի համար նահատակուածների ժառանգները։
Արդեօք այս կեղծ օրակարգի կնքահայրերը գիտակցում են, թէ Սփիւռքի հետ մեր հոգեւոր, զգացական միասնականութեան դաշտում ինչ անջրպետ են առաջացնում։
Սա իսկապէս կեղծ, բայց աւելի շատ՝ վտանգաւոր, պառակտիչ օրակարգ է, գուցէեւ իրական խնդիրներից հասարակութեան տագնապները շեղելու փորձ կամ էմոցիայ գողացող պոպուլիստական PR ակցիա․․․
Մեր հասարակութիւնն այսօր այսպիսի պատուէր չի իջեցրել։ Այսօր մեր ներքաղաքական, նաեւ արտաքին ճակատի մարտահրաւէրներն այնքան շատ են, այնքան մտահոգիչ եւ տագնապեցնող․․․․դժուար չի նկատել, թէ սպասելիքների եւ իրականութեան հակադրութիւնն ինչ յուսահատեցնող էներգիայ է կուտակում ժողովրդի մօտ։ Օրէնսդիր եւ գործադիր ոլորտներում, մեր պետականութեան բոլոր ինստիտուտներում մի քանի պետութեան գործ կայ անելու, եթէ ունէք այդ ինտելեկտուալ ներուժը, լծուէք պետական շինարարութեանը, անկատար օրէնքների բարեփոխմանը, սոցիալական արդարութեան վերականգնմանը։
Ի վերջոյ պառլամենտարիզմի եւ կառավարման թեմաներով սեմինարներ կազմակերպէք խորհրդարանական համակարգի անցած երկրի պատգանաւորների եւ մարզպետների համար։
