Այնճարն Ու Այնճարցին․ Սոնիա Թաշճեան

Յօդուածներ – Զրոյցներ

Մի օր տղաներիս հետ շրջում էի Այնճարի փողոցներով, շատ երկար ժամանակ այնտեղ չէի եղել, գիւղացիք անխտիր բարեւում էին, ոմանք կարօտած` հարցուփորձ անում, ուրիշներ յուզումով յիշում միասին ապրած պատանեկութեան յուշեր…

Մանկական անհամբերութեամբ, որ ճանապարհը երկարում է համագիւղացիներիս հանդիպելիս, փոքր տղաս հետաքրքրուեց.

– Մա՛մ,  բոլորը ճանաչո՞ւմ են քեզ:

– Անշո՛ւշտ, բոլոր գիւղերում մարդիկ  իրար ճանաչում են, իսկ մեր գիւղում նոյնիսկ հեռու  բարեկամներ ենք. այնպէս որ, բոլորս հարազատներ ենք:

– Իսկ ո՞րն է մեր գիւղը,- հարցրեց աւագ որդիս:

– Այնճարը նաեւ ձեր գիւղն է, ի հարկէ եթէ ուզում էք…

90-ականների սկիզբն էր, նոր էի հաստատուել Երեւանում, մի ընկերոջ տանը  պատահաբար հանդիպեցի ամերիկահայ լրագրող Արային: Երբ իմացաւ, որ այնճարից եմ, սկսեց նկարագրել գիւղի փողոցները, մեր բոլորի սիրելի ժամացոյցի խաղահրապարակ այգին, որտեղ նաեւ մեր ամառնային բանակավայրն էր, խաչմերուկներում կառուցուած քարէ աղբիւրները, որոնք այլեւս չեն գործում, բայց խորհրդանշական յուշարձաններ են մեր գիւղում, Խոշենց Յակոբ ամմոյի փուռը, վերջինիս հայհոյախառն իւրայատուկ կատակները, «պանրըհուց»-ի (պանիրով հաց) ու «զաաթեր»-ի (ծոթրինով հաց) բուրմունքը…

– Ե՞րբ ես եղել Այնճարում,- ուրախացած հարցրի:

– Չեմ եղել, ընկերուհի ունեմ Այնճարից,- եղաւ պատասխանը,- մի պահ տխրեցի, բայց նրա ձայնից ինձ փոխանցուեց  համագիւղացի կնոջ պաշտամունքի հասնող սէրն ու կարօտը:

Բժիշկ  Ասպետ Այնթապլեանը հումորով պատմում է. «Գործի բերումով անընդհատ ճանապարհորդում եմ տարբեր համաժողովների մասնակցելու համար. պատահաբար եթէ ընկեր կամ համագիւղացի ունեմ տուեալ քաղաքում ապրող, նախապէս զանգահարում եմ, որպէսզի կարողանանք իրար տեսնել. եւ որովհետեւ կարճաժամկէտ են լինում իմ գործուղումներս, սովորաբար հարազատներս գալիս են օդակայան ինձ դիմաւորելու. մի քանի անգամ նման հանդիպումների ականատես է եղել չինացի պաշտօնակիցս. մի օր այլեւս չդիմացաւ. «Չինացիք 1,5 միլիառից աւելի են, բայց ես ոչ մի երկրում բարեկամ կամ ընկեր չունեմ, էդ ո՞նց է լինում, որ դու բոլոր երկրներում հայրենակից ընկեր ունես…»:

Աշտարակի իր տան բակում նստած Գաբրիէլ Թասլաքեանը իրեն յատուկ հումորային ոճով պատմում էր քուէյթեան իր յուշերից. «Մի օր անապատում մեքենաս փճացաւ. այն ժամանակ բջջային հեռախօս չկար. նստած մեքենայիս մէջ` Աստուած էի կանչում, որ աշխարհից կտրուած այս վայրում ինչ-որ հրաշքով մի մեքենայ անցնի, որպէսզի կարողանամ փրկուել: Հեռուից մի մեքենայ նշմարեցի, դուրս թռայ մեքենայիցս եւ սկսեցի թեւերս թափահարելով օգնութիւն խնդրել, որպէսզի կանգնի. մեքենան մօտեցաւ, դեռ չհասցրած նայել վարորդին,` լսեցի ծանօթ հնչիւններ. «տուղա, չէ՞ կու շինիս ըստէյղ (տղայ՛, ի՞նչ կ՛ընես այստեղ)». Ափիբերան նայեցի. քեպուսիացի Գէորգ Փափազեանն էր: Աշխարհից կտրուած այս վայրում` երկու այնճարցի, թւում է` աբսուրդ: Բարձրաձայն սկսեցինք խօսել մեր բարբառով ու ծիծաղել»:

1996 թուականն էր. Էջմիածին քաղաքի փողոցներով քայլում էի. հեռուից նկատեցի իրենց տան շեմին նստած թիկնեղ, ցցուն այտոսկրներով, թաւ յօնքերով ծանօթ թուացող մի ծերունի. կռահեցի. մուսալեռցի պիտի լինէր այս պապիկը. մօտեցանք, իրօք, Զէյթլեան ամմոն էր, տուն հրաւիրեց, ծանօթացանք իր հիւրասէր ընտանիքի հետ, իր կնոջ` Սիրվարդ նենէի հետ, որ ցոյց տուեց իր ձեռքով մշակած այգին, ուր կային այնպիսի իւրայատուկ մշակաբոյսեր, որոնք բերել էր տուել Այնճարից: Նմանատիպ այգի ունէր էջմիածնեցի Պալապանեան ընտանիքը, որոնց տուն գնացել էի մուսալերան խոհանոցի ու կենցաղի մասին մոռացուած մանրամասներ բացայայտելու. տանտիկինն ինձ նուիրեց ռեհանի թուփ, որը մանկութեանս ամենասիրելի բոյսերից է` ամենահաճելի բոյրերից. մատներով շոյում էի թուփը, յետոյ խորը ներշնչում ռեհանի բոյրը… Իսկ լուսանկարիչ Պետրոս Քէօշկերեան պապիկի տուն այցելելիս նկատեցի, որ այն կառուցուել է այն նոյն ոճով, ինչ Կարապետ պապիկիս Այնճարի տունը, որոնք նաեւ նման են Մուսա Լերան Վագըֆ գիւղում ապրող մեր հարազատ Մարի Շերպեթճեան նենէի տան. այսպէս ինձ համար բացայայտեցի մուսալեռցիների ընկալումը տան ճարտարապետութեան ` պարզ, ազատ, յարմարաւէտ: Մուսալեռցիք պահպանել են իրենց տների կառուցուածքի ճարտարապետութիւնը, ուր էլ որ գնացել են:

1994 թուականն էր. գնացել էի Մեղրու Ագարակ սահմանամերձ աւան. փողոցներով շրջելիս` հեռուից նշմարեցի տան շեմին նստած, սպիտակահեր, կորաքամակ մի մարդու` դիմագծերի ծանօթ արտայայտչականութեամբ. մուսալեռցի էր, բոլորին շատ սիրելի ու ծանօթ որսորդ Փանոս Անտոնեանը. մօտեցայ, բարբառով բարեւեցի, անակնկալի եկաւ, ասեցի, որ Այնճար գիւղից եմ, հարցրեց իր ծանօթ ազգանունները, ուրախացաւ, յուզուեց, ձայնը երերաց… Ծանր տարիներ էին, Մեղրու ինքնապաշտպանութեան օրերին դաժան ճակատագիր էր ունեցել իր ընտանիքը, ու ինք իր որսորդական հրացանով բարձրացել էր սար` պաշտպանելու Մեղրին:

Ուսանողութեանս տարիներին մի անգամ, երբ արձակուրդի էի եկել Այնճար, Չելլիկենց Երուանդ ամմոյի հետ Պէյրութ էի գնում, մեքենայի մէջ խօսում էինք հայրենիքից, իւրաքանչիւրն իր յուշերն էր պատմում Հայաստան իր այցելութիւնից: Ուղեւորներից մին մեծահասակ տատիկ էր. երբ անդրադարձաւ, որ Հայաստանի մասին էինք խօսում, հարցրեց. «Մերիններուն տեսա՞ր»: Պարզուեց, որ իր բարեկամներն ապրում են Արարատեան դաշտի գիւղերից մէկում (հիմա մոռացել եմ գիւղի անունն էլ, նրանց մականունն էլ). եւ երբ բացասական պատասխանեցի, զարմացած հարցրեց. «Ինչո՞ւ, չե՞ն եկել քեզ տեսնելու…»: Օ՜հ, սիրելի նենէ ջան, յիշում եմ խորշոմած դէմքիդ շփոթմունքը:

Պատումների շարքը կարելի է երկարել, բայց այս պատումներն իսկ բաւարար են բնորոշելու համար այնճարցին` լեռնցիի կոպտութեան  տակ թաքնուած նրա սրտաբաց էութիւնը, հիւրընկալ պարզունակ բնաւորութիւնը, անմիջական ու յախուռն արտայայտութիւններով հոգատար մարդը, ազգային արժէքների պահապան հայը, ծիսական պաշտամունքները կրող հայրենասէրը: Այսպիսով, սիրելի՛ ընթերցող, Այնճարը նաեւ քո՛ կեանքի ու յիշողութիւնների մի մասն է, եթէ Այնճարն ու մուսալեռցին քեզ համար հարազատ են:

Շնորհակալութիւն եւ խոնարհում նախնիներիս` ծնողներիս, տատիկ-պապիկիս, մեր գերդաստանին, որոնք ժառանգել են ինձ մուսալեռցիութիւնը եւ Այնճարը: Շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն բոլոր մուսալեռցի այնճարցիներին, որոնք իմ մանկութեան  եւ պատանեկութեան տարիների ամենավառ ապրումներն են ընձեռել. Այնճար գիւղի համեստ ու բարի բնակիչները, որոնք պարգեւել են ինձ` կեանքի «համ ու հոտ», կեանքի բարիքները գնահատելու շնորհ, դէպի ներս խորասուզուած գիւղացու յատուկ մտածողութիւն, պարզունակ թուացող վեհ արժէքներ, գեղեցիկն ու բարին գերադասելու աշխարհընկալում, մարդկային ինքնասիրութիւն, ինքնատիպ հայեցի դաստիարակութիւն, մի խօսքով` գիտակցուած երջանկութեան  հարստութիւն:

Իմ ճանաչած Այնճարն ու այնճարցին այսպիսին են: Հաւատալով այս հող ու ջրի մարդկանց աննկուն բնաւորութեան` մաղթում եմ, որ ժամանակակից աշխարհի սպառնալիքները չխաթարեն այս նկարագիրը. ընդհակառակն, յենուելով նախնիների սկզբունքներին ու հաւատալիքներին, ժառանգած լինելով ազգային-աւանդական փոխանցումների ուժը, ապրեն ու արարեն ի փառս հայութեան  ու մարդկութեան: